Հայաստանում տասնյակ հազարավոր պատմամշակութային հուշարձաններ և մի շարք արգելոց-թանգարաններ կան, որոնք մշտական պահպանության, հոգածության կարիք ունեն։ Հսկայական այս հարստությունը հսկելու, խնամել, նորոգելու ու պահպանելու համար մարդկային ռեսուրս և ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, նաև իհարկե պետական վերահսկողություն, որն իրականացնում են ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների վարչությունն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որոնց ղեկավարները՝ վարչության պետ Հարություն Վանյանն ու ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը այսօր հրավիրված ասուլիսին հանգամանալիորեն ներկայացրեցին ոլորտում առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։
Հայաստանի յուրաքանչյուր մարզը հագեցած է պատմամշակութային հուշարձաններով, որոնց պահպանության և նորոգման համար պետությունը մեծ գումարներ է հատկացնում և, ինչպես նշեց Հարություն Վանյանը, առաջիկա տարիների համար նախատեսված է մի քանի անգամ ավելացնել այդ գումարները։
Այս տարի 300 մլն դրամ է նախատեսված պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար։ Պետությունն այս ոլորտում արդյունավետ համագործակցում է նաև մասնավոր հատվածի և Հայ առաքելական եկեղեցու հետ։
Բայց ոլորտում առկա լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար պակասում են հաստիքները։ Քչերն են ուզում աշխատել ցածր աշխատավարձով, բայց պատասխանատու այդ ոլորտում և այդ իսկ պատճառով հաջորդ տարվանից կավելանան արգելոց-թանգարանների մուտքավճարները, որոնք ամբողջովին կուղղվեն տվյալ տարածքի պահպանության ու խնամքի աշխատանքներին։
«Պետական ֆինանսավորումը, օրինակ, ՊՈԱԿ-ի տրվում ա որոշակի հաստիքների չափով։ Դրանից ավել, օրինակ, բոլոր մարզային ծառայողները, ասենք ամեն մարզում ունենք տասնհինգից քսան աշխատող, որոնք իրականացնում են էդ շրջայցերը, մոնիթորինգը, գանձագողերին են բռնում, զեկուցագրեր են գրում, աշխատանք են անում... և մենք իրազեկված ենք լինում։ Իրենց բոլորի աշխատավարձերը, չհաշված, որ խայտառակ ցածր են, բոլորը գեներացվում են ՊՈԱԿ-ի արտաբյուջեից, արտաբյուջեի միջոցները գեներացվում են արգելոց-թանգարանների տոմսերից, այնտեղ իրականացվող միջոցառումներից և այլն, և այլն։ Հիմնական բյուջեն գեներացնողը դա Գառնին է, հետո Զվարթնոց, Ամբերդ, մի քանի այլ հուշարձաններ, տարիների ընթացքում անցան տոմսայինի։ Եվ եթե մենք ուզում ենք ունենանք մասնագիտորեն լավ պատրաստված հուշարձանի պահապան, որը ոչ թե պահակի դեր պիտի խաղա, այլ ճանաչի հուշարձանը, ութսուն հազար դրամով խնդրում եմ ցույց տվեք մի հոգու, ով էդ աշխատանքը կկատարի... Ես չեմ ուզում աշխատող նվիրյալների որակնեը ցածրացնեմ, բայց... նրանց վարձատրել է պետք», - ասաց Հարություն Վանյանը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը հավելեց. - «Երբ հուշարձանից կարգավիճակը փոխվում ա արգելոցի, էնտեղ արդեն ավելանում են նոր աշխատատեղեր։ Դրա համար, բնականաբար, նախ պետք ա գումար։ Արտաբյուջե պետք է ունենանք, որպեսզի կարողանանք ապահովել և' մաքրությունը, և' տարածքի բարեկարգումը։ Հենց էս պահին Զվարթնոց արգելոց-թանգարանում արդեն ավարտին ա մոտենում ժամանակավոր ցուցասրահը»։
Վանյանի խոսքով, արտասահմանցիները համար տոմսերի արժեքը կրկնակի բարձր է եղել, քանի տեղացիների համար. - «Երբ որ ԵԱՏՄ-ի մեջ մտանք, և միասնական տոմսերի հասանելիություն պիտի լիներ, իրավունք չուներ Հայաստանը նրանցից մի դրամ ավել վերցնել, քան հայաստանցու համար։ Դրա համար նրանք էլ սկսեցին 750-ով մտնել։ Եվ այստեղ մեծ կորուստներ ա ունենում ՊՈԱԿ-ը։ Հիմա, քանի որ նաև համաշխարհային փորձը կա համահավասարեցման, որպեսզի տարբերակում չդնի՝ տեղացիներ, զբոսաշրջիկներ, արտասահմանցիներ և այլն, քննարկվում ա սարքել մեկ միասնական գին, որը միջանկյալ գին կլինի։ Հիմա թվեր չհնչեցնենք, որովհետև քննարկումների մեջ ենք»։