Մոնումենտի դղյակների օրինականությունը քննող իրավապահները 4 տարվա ուսումնասիրության ընթացքում այդպես էլ որևէ մեկին մեղավոր չեն ճանաչել: Փոխարենը արդեն երկրորդ սեփականատիրոջն են իրավունք տվել տունն արգելանքից հանել ու վաճառել:
«Ազատությանը» Գլխավոր դատախազության տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը նաև Հանրապետական նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի ընտանիքին է տվել թանկարժեք գույքը օտարելու հնարավորությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ իրավունքը տրվել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին՝ մինչ այժմ անհայտ հանգամանքներում։
«Ազատությունը» դիմել է Կադաստրի կոմիտե՝ պարզելու արդյո՞ք Սարոյաններին ևս հաջողվել է վաճառել գույքը, ինչպես եղավ Աբրահամյանների պարագայում։
«Ինչի չի ցանկանում իրավապահ մարմինը բացահայտել այս գործերը, կարծում եմ, որ դա արդեն պետք է հասկանալ քաղաքական նպատակահարմարության կոնտեքստում, որովհետև այստեղ կոնկրետ մի առանձնատուն կա, որը վաճառվեց բոլորովին վերջերս, ձեռք է բերել մի գործարար, որը ֆինանսական ու կապիտալ ձեռքբերումներ է ունեցել 2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձություններից հետո», -ասաց «Հետքի» լրագրող Տիրայր Մուրադյանը:
Տիրայր Մուրադյանը 2018-ին է զբաղվել է Հաղթանակի զբոսայգու շքեղ առանձնատների հետաքննությամբ։ Հարցնում է՝ ինչպե՞ս է, որ իրավապահները չեն կարողանում չորս տարվա ընթացքում գեթ մեկ բացահայտում անել, այն դեպքում, երբ իրենց հաջողվել էր երկու ամսվա ընթացքում պարզել ապօրինությունների մի երկար շղթա։
«Մենք գոնե կարողացել ենք ներկայացնել գույքերի սեփականատերերի ամբողջ շղթան, այսինքն մի հողակտորը առաջին ձեռք բերողն ով է եղել և վերջին՝ մինչև այսօր տնօրինողը, այսինքն դերակատարները լրիվ հայտնի են մեր նյութով, և այդտեղ չեմ կարծում, որ շատ մեծ, ահռելի չարչարանք կա պատմությունը բացահայտելու ուղղությամբ», - նշեց լրագրողը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հովիկ Աբրահամյանի գույքի վաճառքը` դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի միջև վեճի առարկաՄարտին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը թույլատրել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքը, դատախազությունը բողոքարկել էր ու անգամ՝ հատուկ քննություն սկսել, բայց մինչ օրս հստակ չէ՝ ինչ է պարզվել դրա արդյունքում:
Դեռևս հարց է նաև՝ արդյո՞ք իրավապահները կալանք են դրել վաճառքից ստացված գումարի վրա․ թե թույլ տվել, որ նախկին վարչապետը անարգել օգտագործի տան դիմաց ստացված հինգ միլիոն դոլարը։ Դատախազությունը նշում է, որ այդ ուղղությամբ գործողություններ են արվում՝ այդպես էլ չմանրամասնելով, թե՝ ինչ։ Իր հերթին այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն հակադարձեց, թե գործի ընթացքից բողոքող դատախազությունը այս ամբողջ ընթացքում որևէ առարկություն չի ներկայացրել, իսկ իրենց քննիչը գործել է օրենքի սահմաններում։
«Էս Մանումենտի առանձնատների պատմությունը, իմ կարծիքով, շատ էդպես երանգ չհաղորդեմ, բայց նաև որոշակի քննություն է իրենց համար: Բացահայտեք, ցույց տվեք, որ կարող եք կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտել», - նշեց Տիրայր Մուրադյանը:
Մինչ դատախազությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում են փոխադարձ մեղադրանքները, երբեմնի կանաչ գոտու սեփականատերերը, փաստացի, մեկը մյուսի ետևից մաքրում են հետքերը։
«Էյստեղ Հովիկ Աբրահամյանի տունն է, այստեղ Գագիկ Բեգլարյանի տունն է, էստեղ ՀՔԾ նախկին ղեկավարի տունն է, էստեղ Սոֆոյանի տունն է, էս մեջտեղի հատվածում Հովիկ Աբրահամյանի տունն է, ինչ է, շենք է հսկայական, էստեղ՝ Կարեն Կարապետյանի՝ նախկին վարչապետ, կողքը Վարդան Հարությունյանի տունն է, էս վերևի հողը Աղվան Հովսեփյանենց հողն է», - ներկայացրեց լրագրողը:
«Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու: Հայաստանում գողերի ժամանակն անցել է, Ամերիկաներից լինի, Ռուսաստաններից լինի, Ավստրալիաներից լինի, գտնելու ենք, բերելու ենք իրենց և իրենց գողացած ամեն լուման», - Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունից անցել է երեք ու կես տարի: Մոնումենտի դղյակների գործով որևէ մեկը մինչ օրս դատարանի առջև չի կանգնել, բյուջեին գումար չի վերադարձրել։