Ռուսաստանի իշխանությունները արգելափակել են «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ռուսալեզու էջը։ Այս մասին տեղեկացնում է «Ռոսկոմսվոբոդա» նախագիծը, որը գործունեություն է ծավալում թվային իրավունքների պաշտպանության ոլորտում։
Աղբյուրի համաձայն, «Ազատության» ռուսալեզու կայքէջը արգելափակել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային գործակալությունը` «Ռոսկոմնադզորը»` Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով։ Արգելափակման պատճառների մասին ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները մինչ այս պահը որևէ պարզաբանում չեն ներկայացրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազատության» և «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունների կայքերը կարող են արգելափակվելՈւկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր «Ռոսկոմնազորը» արգելափակել է տասնյակ լրատվամիջոցների կայքէջեր, ինչպես նաև Թվիթերը, Ֆեյսբուքը, Ինստագրամը։
Ռուսաստանյան իշխանությունները երկրում անհասանելի են դարձրել, մասնավորապես, «Ազատության» Current Time հեռուստանախագծի, «Ազատության» ռուսական, Ղազախական, տաջիկական, թուրքմենական, ուզբեկական ծառայությունների կայքէջերը, արգելափակվել են նաև Բրիտանական BBC-ի, գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությունների կայքէջերը` Ուկրաինայի դեմ պատերազմի մասին «կեղծ» տեղեկություններ տարածելու մեղադրանքով՝ մասնավորապես այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները պատերազմ անվանելու պատճառով։
Ռուսաստանի իշխանությունները եթերազրկել են նաև «Էխո Մոսկվի» ռուսաստանյան առաջատար ռադիոկայանը, արգելափակել «Դոժդ» հեռուստաընկերության ինտերնետային էջը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Meta-ն, Facebook-ը և Instagram-ը Ռուսաստանում արգելվել են«Կրեմլի կողմից «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ևս մեկ կայքի արգելափակումը պարզապես վերջին վկայությունն է, որ նրանք, որ Ռուսաստանում իշխանության են չափից ավելի երկար, ուզում են զրկել Ռուսաստանի ժողովրդին ճշմարտությունից։ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը չի ընկրկի Ուկրաինայի դեմ կործանարար այս պատերազմի մասին ճշմարտությունը տրամադրել մեր լսարանին, որը կարող է մեզ հետևել այլ հարթակներում», - հայտարարել է ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը։
Մարտին, արձագանքելով անկախ լրատվության աղբյուրները փակելու Մոսկվայի գործելակերպին, Ֆլայը հայտարարել էր, թե Պուտինը «ռուսներին կերակրում է ուկրաինական պատերազմի իրական ծավալների և գնի մասին ստերով»:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը մերժում է այս կրիտիկական պահին Ռուսաստանի լսարանին տրամադրվող լրատվության բովանդակությունը գրաքննելու պահանջը», - շեշտել էր ռադիոկայանի նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ-ը դադարեցնում իր ռուսաստանյան բյուրոյի աշխատանքը