Լույս է տեսել Մարկ Գրիգորյանի «Երևան. քաղաքի կենսագրությունը» գիրքը

Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Վերջերս ռուսական Slovo հրատարաչությունը լույս է ընծայել նրա «Երևան․ քաղաքի կենսագրությունը» ծավալուն, նկարազարդ գիրքը, որը նա սկսել էր գրել 10 տարի առաջ Լոնդոնում աշխատելու տարիներին, ինչպես ինքն է ասում՝ կարոտից։

Ուշագրավ է, որ գիրքը տպագրվել է Լատվիայում, բայց ինչ-որ ձևով հնարավորություն է ստեղծվել գրքի տպաքանակը տեղափոխել Մոսկվա, որտեղ տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը։

Երևանի մասին Մարկ Գրիգորյանի հեղինակած այս գիրքը ներկայացնում է քաղաքի պատմությունը, նաև հեղինակի վերլուծություններն ու անձնական ապրումները, զգացողությունները՝ կապված ժամանակի անվանի մարդկանց հետ, նաև քաղաքի պատմությանը միահյուսված լեգենդները։

Մարկ Գրիգորյանը անվանի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռն է և մանկությունից շփվել է իրենց տուն այցելող հայտնի մտավորականների հետ։ Նրա կենսագրությունն իր ծագումով և արմատներով անխզելիորեն կապված է նաև Արցախի հետ։

Ուշագրավ է, որ ինչպես հեղինակն էր շեշտում «Ազատության» հետ զրույցում, գրքի վրա աշխատանքն ավարտել է Լեռնային Ղարաբաղում. - «Ամեմավերջին վերջակետը ես դրել եմ Ստեփանակերտում։ Հետո, բնականաբար, դրանից հետո էլի լիքը աշխատանք կար, բայց ինձ համար էստեղ նաև խորհուրդ կար, որ Լոնդոնում սկսած գիրքը ես շարունակեցի Երևանում վերջացրեցի Ստեփանակերտում»։

«Ես անընդհատ մտածում էի Երվանդ Շահազիզի «Հին Երևան» գրքի մասին։ Թող դա անհամեստություն չթվա, ես անընդհատ ուզում էի, որ իմ գիրքը դառնա Երվանդ Շահազիզի գրքի քսանմեկերորդ դարի տարբերակը։ Ես կարծում եմ, որ հանրությունը, երևանցիները ունեն էդ գրքի կարիքը, ես կարծում եմ, որ երևանցիները կկարդան։ Արդեն պատրաստվում է և շուտով պատրաստ կլինի հայերերն տարբերակը։ Եվ դա հնարավորություն կտա երևանցիներին նաև մայրենիով էդ գիրքը կարդալ։ Եվ արդեն խոսակցություններ են գնում անգլերենի թարգմանության մասին»։

Գիրքը ներառում է Երևանի պատմությունը, տեսարժան վայրերը. - «Ինձ համար դա նաև շատ անձնավորված գիրք է, ես փորձեցի էդ ամենի ինչը ներկայացնել շատ անձնավորված ձևով։ Այն առումով, որ ես նաև իմ ընտանիքի պատմությունն եմ էնտեղ պատմում, պատմում եմ մարդկանց մասին, ու տեսել եմ, նաև իմ անձնականն եմ բավականին ներդրում։ Կենսագրության ձևը ինձ թույլ տվեց դա անել։ Որովհետև եթե ես գրեի պատմություն, ես չէի կարողանա դա անել»։

Հարցին, թե ինչու նախ հրատարակվել է ռուսերեն տարբերակը, Գրիգորյանը պատասխանեց. - «Որովհետև լսարանը ավելի մեծ է, ընթերցողները ավելի շատ են։ Գիրքը հրատարակվել է Մոսկվայում Ռուսաստանի ամենահեղինակավոր հրատարակչություններից մեկում, որը արել է հոյակապ աշխատանք էդ գիրքը ձևավորելու, ներկայացնելու ուղղությամբ»։