Այսօր պետությունը բավարար քայլեր չի ձեռնարկում փողոցի երեխաներին պաշտպանելու համար. հոգեբան

12 տարեկան տղան թմբուկ նվագել չգիտեր, պարզապես անվարժ շարժումներով ուշադրություն էր խնդրում անցորդներից, իսկ ավելի ստույգ՝ փող էր մուրում. - «Տատիկիս ոտը կտրած է, կալյասկի վրա փող ա հավաքում, ես էլ իրան օգնում եմ»։

Տղայի պատմությունը դժվար էր լսել առանց հուզվելու։ Ասում էր՝ հայրը պատերազմում է զոհվել, մայրը մնացել է Արցախում, ինքն էլ հաշմանդամ տատիկի հետ է ապրում Երևանում։ Տուն այցելելու առաջարկներից հրաժարվում էր։ Դժվար էր հասկանալ՝ պատմությունը որքանով է իրական, և ինչն է նրան ստիպել փողոց դուրս գալ։

Վիճվարչության տվյալներով, անցած տարի թափառաշրջիկ երեխաների թիվը նախորդի համեմատ կրկապատվել է։ 2021-ին պաշտոնապես 7 անչափահաս մուրացիկ է հաշվառվել։ Այս տարին դեռ չի կիսվել, սակայն ոստիկանությունը, գնդապետ էդգար Պետրոսյանի խոսքով, ստուգայցերի ժամանակ արդեն 4 մուրացիկ երեխա է հայտնաբերել. - «Եղել են երեխաներ, ում հետ զրույց անցկացվել է, ծնողների հետ զրույց անցկացվել է, և ձևավորվել է այն համոզմունքը, որ դա եզակի երևույթ է, և էդ դեպքում երեխաները հանձնվում են ծնողներին»։

Համոզվել, որ ծնողը չէր ստում ու երեխան այլևս չի զբաղվի մուրացկանությամբ, հնարավոր կլինի պարզել միայն մյուս ստույգացի ժամանակ, որը, որպես կանոն, լինում է ոչ հաճախ։ Օրինակ, ապրիլի կեսերին տարվա առաջին ստույգացն էր։ Որևէ երաշխիք, որ այդ ընթացքում երեխան նորից փողոցում չի հայտնվի, չկա։ Իրավապահները, ճիշտ է, կարող են անչափահասին միանգամից խնամքի կենտրոն հանձնել։ Բայց այդ քայլին, ըստ գնդապետի, դիմում են միայն այն դեպքում, երբ հանցագործության կասկածներ են լինում. - «Ոստիկանության դերը հենց էդտեղ է ավելի ակտիվ լինում, որ չափահաս անձինք չներգրավեն երեխաներին մուրացկանության, թափառաշրջիկության մեջ... Ընդ որում, կապ չունի, թե այդ անձը երեխայի ծնողն է, թե ուղղակի այլ անձ։ Էստեղ հնարավոր է արարքի որակման հոդվածների առումով տարբերություն լինի, բայց դրա համար կա քրեական պատասխանատվություն։ 2021 թվականի ընթացքում մեկ դեպք է եղել։ Այդ անձը հենց իր երեխաների հետ կապված են անում, այլ երեխաներ էլ էր ներգրավել՝ նյութական շահագրգռվածությունից ելնելով»։

Մասնագետները ասում են՝ երեխաների մուրացկանությունը դժվար է հայտնաբերել, հայտնաբերելիս էլ նախ պետք է մեծահասակների խնդիրները լուծել ։ Իսկ մինչ այդ ինչպե՞ս պաշտպանվի երեխան։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Քրիստինե Հովհաննիսյանը դեռևս միայն այս լուծումը կարող է առաջարկել. - «Հայտնաբերելու պարագայում և' ոստիկանությունը, և' համայնքի խնամակալության, հոգաբարձության մարմինը արագ նիստ հրավիրելով որոշում են և հասկանում են, այսինքն՝ քննարկումների արդյունքում պարզ է դառնում, թե հետո ինչ պետք է անել երեխայի համար։ Եթե հնարավոր է խնամակալ նշանակել, եթե հնարավոր է այլընտրանքային խնամքի ինչ-որ լուծում գտնել, տեղում կարգավորվում է։ Իսկ եթե չէ, արդեն մեզ հետ համագործակցելով երեխան հայտնվում է կա'մ իմ նշած ճգնաժամային կենտրոնում, կա'մ ապաստարանում»։

«Այսօր պետությունը բավարար քայլեր չի ձեռնարկում փողոցի երեխաներին պաշտպանելու համար», - հակադարձում է «Օրրանի» հոգեբան Լիլիթ Ռաշոյանը։ Թափառաշրջիկ երեխաների խնդիրներն ու պատմություններն այստեղ լավ գիտեն, մանկական խնամքի այս կենտրոնը գործում է ավելի քան քսան տարի. - «Եթե մենք երեխային հայտնաբերեցինք, միանգամից պետք է ինչ-որ մի տեղ տեղավորենք՝ ապահով կարգավիճակում որպեսզի երեխան լինի, որ սկսեն մասնագետները աշխատել։ Իսկ եթե պետք է ինքը էս ստրուկտուրայից մյուս ստրուկտուրա, դե... չի լինի, դա ճիշտ չի»։

Գիշերը Երևանի կենտրոնական փողոցներից մեկում նկատեցի մի անձեռոցիկ վաճառող մի անչափահաս տղայի։ Զրուցի ընթացքում հեռվից մի կին շտապեց, թե երեխայի հետ է, ինքը չի ստիպում աշխատել, և որ գիշերով փողոց դուրս գալը նրա ընտրությունն է։

10-12 տարեկան տղան զրույցի ընթացքում աչքերն այդպես էլ չբարձրացրեց, միայն գլխով համաձայնում էր կնոջ ասածների հետ։

20 տարվա աշխատաքնային փորձ ունեցող հոգեբանը այս տղային չէր տեսել,, բայց նման պատմությունների շատ էր հանդիպել. - «Էն, որ երեխան արդեն փողոցը սարքում է իր տունը, արդեն երեխան փողոցում կարա ենթարկվի բռնության՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական...»

Պաշոտնայները չեն հերքում՝ նման խնդիր կա. հանցավոր խմբավորումների մասին, սակայն, խոսել չեն կարող, իրավապահները միայն եզակի դեպքեր են բացահայտել, երբ անհատն է շահագործել իր կամ ուրիշի երեխաներին։

Անցած տարի ընդամենը մեկ քրեական գործ հարուցվել է, ծնողն ազատազրկվել է։ Քրեական օրենսգիրը առավելագույնը մինչև 6 տարի ազատազրկում է նախատեսում անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու համար։

Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաներին ամեն տարի իր զեկույցում անդրադառնում է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ հորդորելով ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական ծառայությունների շարունակական և արդյունավետ համագործակցությունը՝ երաշխավորելու բարդ իրավիճակում հայտնած երեխաների հայտնաբերումը և աջակցության տրամադրումը։

Պետական կառույցներում չեն հերքում՝ բյուրոկրատական քաշքշուկների հետևանքով փողոցի երեխաների մի մասին այդպես էլ հասցեական, պատշաճ օգնություն չի հասնում։