Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական զինված ուժերի կրակ բացելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հերթական հաղորդագրությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հաղորդագրություն, որում պնդում է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - ասված է այսօր ՀՀ ՊՆ լրատվականի տարածած հաղորդագրությունում:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն ընդգծում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ Զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։
Վերջին շրջանում պարբերաբար, այդ թվում՝ նախօրեին, ադրբեջանական կողմը նման հաղորդագրություններ է տարածում, որոնք հայկական կողմը հերքում է:
Մինչդեռ անցած շաբաթավերջին, Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով հայ զինծառայող է ծանր վիրավորվել, որի կյանքը փրկել բժիշկներին չի հաջողվել: Բաքուն հերքել է, թե ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը: