«Վուրգավանի ջերմ արևը այստեղ չկա». Քաշաթաղից Գորիս տեղափոխված դպրոցի տնօրենը հիմա ֆերմեր է

Ամեն օր վաղ առավոտյան Էդիկ Հակոբյանը Գորիսից մի քանի կիլոմետր այն կողմ՝ Քարաշեն գյուղ է շտապում. Քաշաթաղ-Լաչինի Վուրգավան գյուղի դպրոցի 15 տարվա տնօրենն ու մաթեմատիկայի ուսուցիչը հիմա ֆերմեր է՝ անընդհատ նոր հեկտարներ ծաղկեցնելու ձգտումով:

«Գործը մշտապես կա, հեսա էս բույսերն էլ, որ դրեցինք, փխրեցնելու, բուկլիցի, կարտոֆիլ ենք դրել, լոբի ունենք, ճանապարհից էն կողմի հողն էլ եմ վերցրել, խաղող եմ դրել», - ասաց Հակոբյանը:


500 խնձորենի, 150 թզուկ ընկուզենի, տանձի, կեռասի, սալորի, հոնի տնկիներ։ «​Արքայանարինջը տեսնենք կաճի՞», - ֆերմերն ասում է՝ Վուրգավանի ջերմ արև այստեղ չկա:

«Գարնանը մի 50 հատ կառալյոկի ծառ ենք բերել, կարծում ենք, էստեղ պիտի կառալյոկը լավ բերք տա, գնացել ենք Ղարաբաղից ենք բերել, հենա նոր-նոր բողբոջել են», - ներկայացրեց Հակոբյանը:

Ազնվամորու տնկիներ է դրել՝ դեռ փորձարկում է, նաև խաղողի տեսականի՝ այնպես, որ և՛ սեղանի սիրուն սորտեր լինեն, և՛ լինեն քաղցր ողկույզներ՝ գինի կամ օղի դառնալու հեռանկարով. «Դե փորձ ենք արել, եթե լինի, շատ լավ կլինի»:​

Արևածաղիկների շարք էլ է ցանել, կողքին, բնականաբար, լոբի, որ բարձրանա ու փաթաթվի արևածաղկին. «Այնտեղի փորձը ստեղ կիրառել ենք, բա ի՞նչ անեք, պիտի անենք, էլի»:​

Վուրգավանում տունն ու մեծ տնտեսությունը կորցնելուց հետո՝ Էդիկ Հակոբյանն ընտանիքով Գորիսում հաստատվեց, տեսավ՝ շատ ձանձրալի է, տեսավ, որ վերադարձի հույս չկա. Քարաշենի անմշակ ու անհրապույր արոտավայրը որդու հետ գնեցին ու անցան գործի:


Գործի ընդմիջումներին մտքով վերադառնում են տուն՝ Վուրգավան, որտեղ վերջին բերքը, որ աշակերտերի հետ էր մշակել՝ այդպես էլ մնաց ծառերին. «Մեկին սովորեցրի՝ ոնց ենք կեղևը բնափայտից անջատում, մյուսին՝ ոնց ենք տեղադրում, այսինքն մասնագիտացրինք ավտոմատացված»:​

Պատերազմի տարում մինչև 45 տոննա արքայանարնջի բերք էին հավաքելու՝ հիմնական գնորդները մեղրեցիները պիտի է լինեին. «Իրենք ասում էին՝ «մեր 6 կիլո կառալյոկից է մի կիլո չիր ստացվում, ձեր՝ 5 կիլոյից»: Իրենցը թողած գալիս էին մերն էին տանում»:​

Քաշաթաղ - Մեղրի քաղցր առևտուրը ավարտվեց, պատերազմի հենց առաջին որից որդին կամավորագրվեց, հոկտեմբերի կեսից Վուրգավանի վերջին բնակիչները դուրս եկան գյուղից։ Էդիկ Հակոբյանն ասում է՝ հարմարավետ սիրուն առանձնատներից էր իրենց տունը, զինվորականները դիմեցին՝ թե շտաբ դարձնեն, դարձրեք, ասաց, մինչև հոկտեմբերի 17-ը:

«Այգում աշխատում էի, գամ տեսնեմ չկան, դուրս են եկել, դուրս են եկել դու մի ասա արդեն ծանր վիճակ է, իրենք թիկունք են գնում, ավելի հետ, իսկ ես դա չգիտեի: Էդ օրը անասունները հանել էին գյուղից, բայց ես չգիտեի: Էդ պահին էլ տղաս զանգեց՝ «պապա, երևում ա վիճակը լավ չի, պետք է դուրս գաս ճանապարհ, մենակ արագ», - պատմեց Հակոբյանը:

Հեշտ չէր, արագ դուրս թռնել 20 տարվա տնից՝ մի քիչ փաստաթղթեր է վերցրել. «Մեկ էլ ճանապարհին հիշեցի, որ թռչուններ ունեինք ահագին նկուղում փակված, կարծում էի, թե հետ ենք գալու, վազեցի մի դույլ կուտ տարա լցրեցի դրանց առաջը, մի քիչ ջուր դրեցի, եկա համարյա հասել էի ճանապարհի տակ, հիշեցի, որ շունը չեմ արձակել»:​


Կոռնիձորի տակ էլի բաներ հիշեց, բայց արդեն ուշ էր:
Էդիկ Հակոբյանն ասում է՝ նաև սխալ քարոզչությունն էր պատճառը, որ մարդիկ տարիների ստեղծածը կորցրեցին. «Էնքան էին ասել՝ «հաղթելու ենք, հաղթում ենք», Արմենն ասում էր՝ «Պապա, սա ինչ-որ տակտիկական քայլ է, չգիտեմ տալիս են, որ հետո հետ վերադարձվեն», այ, տղա, ասում եմ, դե էլ տալը ո՞րն ա, հետ վերցնելը ո՞րն ա»​:


Նույնքան վստահ էին, որ Քաշաթաղը հայկական է մնալու, ասում է՝ տասնամյակներ շարունակ այդտեղ ՀԷԿ-եր, ճանապարհներ էին կառուցվում, նոր մանկապարտեզ-դպրոցներ՝ ժամանակակից տեխնիկայով:

72 -ամյա Հակոբյանը հույս չունի, թե ինքը, հետո՝ մի օր Վուրգավան վերադառնալու հնարավորություն կունենա, Քարաշենի հեկտարներն են հիմա զբաղեցնում նրա միտքը. ծառերը 3 տարուց արդեն բերք կտան:

Your browser doesn’t support HTML5

«Վուրգավանի ջերմ արևը այստեղ չկա». Քաշաթաղից Գորիս տեղափոխված դպրոցի տնօրենը հիմա ֆերմեր է