Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այսօր ասել են, թե կապիկի ծաղիկի դեպքում առաջնահերթությունը հիվանդության տարածման զսպումն է, ինչը հնարավոր է ապահովել արագ և համակարգված գործողություններով:
«Սա այն հիվանդությունը չէ, որ շատ մտահոգի հանրությանը, սա քովիդի կամ արագ տարածվող մյուս վարակներից չէ, մեր հանձնարարականները չպետք է վախ առաջացնեն հանրության մոտ, նպատակն ուշադրությունը հրավիրելն է, մենք պետք է իմանանք վտանգի մասին և պատրաստ լինենք ճիշտ ժամանակին տալ անհրաժեշտ պատասխան»,- ասել է ԱՀԿ-ի ռիսկային արձագանքման բաժնի տնօրեն Սիլվի Բրիանը:
Կապիկի ծաղիկը համարվում է ոչ ծանր վարակ: Այն հիմնականում տարածված է աֆրիկյան երկրներում, բայց այսօրվա դրությամբ արդեն գրանցվել է մոտ 200 դեպք Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում:
ԱՀԿ-ի համոզմամբ, այսօր չկա այդ հիվանդության դեմ զանգվածային պատվաստում իրականացնելու անհրաժեշտություն: