Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր Ուկրաինային է մեղադրել խաղաղության բանակցությունների փակուղային վիճակի համար, ասելով, որ հայտնի չէ, թե ինչ է Կիևն ուզում:
«Նախ բանակցությունները սառեցված են, և դա ուկրաինական կողմի ընտրությունն է: Երկրորդ, ընդհանուր առմամբ Ուկրաինայի ղեկավարները մշտապես հանդես են գալիս իրարամերժ հայտարարություններով: Դա թույլ չի տալիս հասկանալ, թե ի վերջո ինչ են ուզում Կիևում, արդյո՞ք այնտեղ ըմբռնում են ներկայիս կացությունը և պատրաստ են իրատեսական մոտեցման»,- ասել է Պեսկովը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ասել է, թե բազմիցս փորձել է կազմակերպել հանդիպում ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ռուսական կողմը պատրաստ չի եղել լրջորեն բանակցել խաղաղություն հաստատելու շուրջ:
Վերջին անգամ ռուս-ուկրաինական բանակցություններ են տեղի ունեցել մարտի 29-ին, դրանից հետո որոշ ժամանակ շփումները շարունակվել են, սակայն այսօրվա դրությամբ երկխոսություն չկա: