Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուխամեդովի մայրը և նախկին նախագահ Գուրբանգուլի Բեդրիմուխամեդովի կինը՝ Օգուլգերեկ Բերդիմուխամեդովան, ստացել է «Թուրքմենստանի վաստակավոր գորգագործի» կոչումը: Այդ մասին հայտնել է «Նեյտրալնի Տուրկմենիստան» («Չեզոք Թուրքմենստան») պաշտոնաթերթը:
Օգուլգերեկ Բերդիմուխամեդովան այդ կոչումը ստացել է «Թուրքմենստանի անկախությանը, ինքնիշխանությանը, ազգային գորգագործության զարգացմանը նպաստելու, գորգերը հրաշալի նախշերով զարդարելու, երկար տարիների քրտնաջան և բարեխիղճ աշխատանքի և բարձր վարպետության համար», - ասվում է հաղորդագրությունում:
Բերդիմուխամեդովային կոչումը շնորհելու խնդրանքով երկրի ղեկավարությանը դիմել է «Թուրքմենգորգ» պետական միավորումը:
«Վաստակավոր գորգագործի» կոչումը Թուրքմենստանում շնորհում են 1991 թվականից՝ Թուրքենական գորգի օրը, որը նշում են մայիս ամսվա վերջին կիրակի օրը:
Հանրությունը չափազանց քիչ տեղեկություններ ունի Օգուլգերեկ Բերդիմուխամեդովայի մասին, հայտնի չէ, թե նա քանի տարեկան է և ինչ է անում:
Նա երբեք չի ուղեկցել նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին արտասահմանյան ուղևորություններում:
Առաջին անգամ նրա լուսանկարը մամուլում հայտնվել է միայն անցյալ տարի, երբ Թուրքմենստան է այցելել Թուրքիայի նախագահ Ռերջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ: