Չնայած մահվան դեպքերին՝ Հայաստանում Էքստրեմալ սպորտի ոլորտը գրեթե չի կարգավորվում

Երորրդ շաբաթն է՝ քննիչներն ուսումնասիրում են, թե ինչ հանգամանքներում է 31-ամյա Արմինե Ճաղարյանը խեղդվել Դեբեդում։ Նշանակված են փորձաքննություններ, մեղադրյալներ դեռ չկան։

«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարը մահացել էր ռաֆթինգի՝ գետում նավարկելու հետևանքով, ռետինե նավակում նկարահանող խմբից բացի, նաև հրահանգիչ է եղել, որը փորձել, բայց չի կարողացել փրկել Արմինեին։ Ընկերությունը դժբախտ պատահարից հետո չի աշխատում, ասում են՝ առայժմ չեն հաղթահարել շոկը։

«Մենք ինքներս սթրեսի մեջ ենք, որովհետև մեր հարազատ ընկերոջն ենք կորցրել, ու մեզ ժամանակ է պետք։ Այս աշխատանքը, այն, ինչը որ «Ռաֆթինգ Արմենիան» անում է, հենց սկզբից Արմինեն էլ է մեզ շատ աջակցել, ինքը մեր հարազատ ընկերն է եղել, ու առաջինը չի եղել, որ քշել ենք իրար հետ», - ասում է Գևորգ Վարդանյանը։

Նրա հիմնադրած «Ռաֆթինգ Հայաստանը» վերջին 5 տարվա ընթացքում հազարավոր մարդկանց է սպասարկել, նման պատահար առաջին անգամ է եղել։ Ասում է՝ ռաֆթինգը լիովին ապահով սպորտաձև չէ, այնուամենայնիվ պահպանում են անվտանգության կանոնները։

«Այն, ինչը որ դրսում են անում, այդ նույնը պահպանելով՝ մենք ենք անում, իհարկե, միանշանակ գիտակցելով, որ էքստրեմալ սպորտաձև է, ու շատ են լինում, օրինակ, մասնակիցներ, երբ գալիս են, երբ հրահանգավորումն անում ենք, ու իրենք հասկանում են, որ իրենք չեն կարող մասնակցել», - նշում է նա։

Ողբերգական դեպքից հետո Քննչականում գործ է հարուցվել «անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու» հոդվածով, պատիժը՝ տուգանքից մինչև հինգ տարվա ազատազրկում։ Իսկ ո՞վ է մշակում անվտանգության ստանդարտները և տալիս աշխատելու արտոնություն։

Հայաստանում Էքստրեմալ սպորտաձևերի և տուրիզմի ոլորտը գրեթե չի կարգավորվում, համենայն դեպս մարզաձևերից շատերի դեպքում անվտանգության պարտադիր պայմաններ պարզապես չկան, իսկ բիզնեսով զբաղվողները միջազգային կարգավորումներից են օգտվում, այն էլ ոչ թե օրենքի պահանջով, այլ՝ ըստ բարեխղճության։


«Պետության կողմից ոչ մի վերահսկում կամ ինչ-որ բան չկա, բայց դա սխալ է իրականում։ 2 կամ 3 տարի առաջ մենք դիմել ենք, հստակ մշակված փաթեթ տրամադրել ենք, որ ընդունվի, որ ցանկացած անձ, ով ռաֆթինգով ցանկանա զբաղվել, թեկուզ անհատ, ինքը պահպանի այդ կանոնները», - հայտնեց Վարդանյանը։

Զբոսաշրջության կոմիտեին ուղարկված առաջարկները մնացել են սեղանին։

2008 թվականից հետո ոլորտում կարգավորումներ չեն փոխվել. Yerevan Zipline ընկերության հիմնադիր


Երբ կան հստակ չափանիշներ, աշխատելը շատ ավելի հեշտ է, վստահ է Yerevan Zipline ընկերության հիմնադիր Ժիրայր Մուշեղյանը։ Օրինակ է բերում հարկային կարգավորումները, որոնք պարզ ու հստակ են բիզնեսը սկսելու առաջին իսկ օրից, ստուգումներն էլ չեն ուշանում։ Անվտանգության ապահովման հարցում, մինչդեռ, ոչ հստակ կարգավորումներ կան, ոչ էլ դրանք ստուգողներ. «Եթե դու առաջնորդվես միջազգային կարգավորումներով, շատ հստակ է ամեն ինչ։ Կոնկրետ մենք այդպես ենք աշխատում, տեղական կարգավորումներով չենք կարող աշխատել, որովհետև հստակություն չկա։ Չասեմ՝ խի չկա, ասեմ, որ 2008 թվականից հետո ոլորտում կարգավորումներ չեն փոխվել, բայց զիփլայները բոլորը 2008 թվականից հետո են Հայաստանում ստեղծվել»։


Ի տարբերություն, օրինակ, ռաֆթինգի՝ զիփլայն հիմնադրելու համար հարկավոր է արտոնագիր ստանալ, դրա համար, սակայն, կառավարությունը պահանջում է, որ պարանից կախված թռչելու այս ատրակցիոնը համապատասխանի դեռևս 15 տարի առաջ՝ 2008-ին, ճոպանուղու շահագործման համար ընդունված տեխնիկական կանոնակարգին։ Մուշեղյանի խոսքով՝ անգամ ոչ մասնագետի համար է ակնհայտ, որ զիփլայնը խիստ տարբեր է ճոպանուղուց։

«Մենք, իմանալով, որ մեր երկրում այս ոլորտը չի վերահսկվում, բայց ուզենալով այս բիզնես գործունեությամբ զբաղվել, ուսումնասիրել ենք միջազգային փորձը և ներդրել ենք մեր մոտ, մինչ օրս հետևում ենք այդ նորմերին՝ թռիչքի կազմակերպում, հարթակի կահավորում, նույն աշխատակցի թռիչքի պահին հանդերձանքն ինչպես պետք է լինի, այցելուի հանդերձանքն ինչպես պետք է լինի, դետալ առ դետալ այդ ամեն ինչը կա», - նկատեց Ժիրայր Մուշեղյանը։

Երևանում ու մարզերում գրեթե 1 տասնյակ զիփլայներ կան, որոնցից ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ ամեն տարի ավելի քան 50 հազար զբոսաշրջիկ է օգտվում։ Մինչ կառավարությունը զիփլայնը չի տարբերակում ճոպանուղուց, ոլորտի ներկայացուցիչներն իրենք են փորձում բացը լրացնել և նոր տեխնիկական կանոնակարգեր մշակել հասարակական կազմակերպություններից մեկի հետ։ Առայժմ, սակայն, սայլը տեղից չի շարժվել։


Մինչ այդ՝ ապրիլին, Երևանի զիփլայներից մեկում ևս դժբախտ պատահար է եղել, ըստ մամուլի՝ մահացած մարդը հենց ընկերության տնօրենն էր, որն առանց ամրակապվելու գտնվել է բարձր հարթակի վրա։ Այս միջադեպից հետո ևս հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հոդվածով։ Մեղադրյալներ առայժմ չկան։