Ընդդիմությունն առաջարկում է Արցախի մասին ԱԺ հայտարարության նախագիծ ընդունել արտահերթ նիստին

Հայաստանի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, փողոցում վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմությունը նաև այս ձևակերպմամբ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու համար նախաձեռնել է արտահերթ նիստ։

Առաջարկում են, որ Ազգային ժողովը հայտարարի՝ Ադրբեջանի հետ սահմանագծում անցկացնելու նախապայմանը ռազմագերիների վերադարձն ու Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումն է։ Սահմանազատման արդյունքում բացառվում է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը, իսկ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում էլ՝ որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Ցեղասպանությունը։

Եթե այդ հայտարարությունը չեն ընդունում, նշանակում է` սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը. Ռուստամյան

«Եթե իրենք հիմա չեն վախենում Ալիևից, թող գան խորհրդարան և ասեն իրենց տեսակետը այդ հայանպաստ փաստաթղթի հետ կապված: Ասում են` քաղաքական օրակարգ չկա, խնդրեմ, շատ կոնկրետ ձևակերպված փաստաթուղթ ենք ներկայացրել», - ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Այս հայտարարության հիմնական նպատակը պարզություն մտցնելն է` ի վերջո մենք գնում ենք մեր շահերը պաշտպանելո՞ւ, թե՞ սպասարկելու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը: Եթե այդ հայտարարությունը չեն ընդունում, նշանակում է` սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, սա կոչվում է экзамен на вшивость, թարգմանաբար` «ոջլոտության ստուգում», որպեսզի հասկանանք` լակմուսի թուղթ է ի վերջո», - ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Իշխանական խմբակցությունը դեռ չի հստակեցնում իր դիրքորոշումը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրելու. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմադիր երկու խմբակցությունների հեղինակած նախագիծն արդեն շրջանառության մեջ է, արտահերթի օրն էլ` նշանակված` հաջորդ ուրբաթ` հունիսի 3-ին։ Թե՛ նիստի անցկացումը, թե՛ նախագծի ընդունումը իշխանական խմբակցությունից է կախված։

Խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագրից» չեն հստակեցնում՝ արտահերթին ընդհանրապես կգան, որ արտահերթը գումարվի, ու կողմ կքվեարկե՞ն այս ձևակերպումներին։

Տևական ժամանակ է` ընդդիմությունն իշխանությունից պահանջում է անել հենց այս հայտարարությունը, որ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում։

«Երբ որ նախագիծը կգա Ազգային ժողով արտահերթի, այն ժամանակ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք», - նշեց իշխանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Եթե տղա է Իշխան Սաղաթելյանը, ո՞ւր էր այս ամբողջ ժամանակահատվածում». Ծովինար Վարդանյան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շառլ Միշելի ձևակերպումն, ըստ Ստեփանակերտի, չի արտահայտում արցախահայության պահանջներն ու ձգտումները

Ծովինար Վարդանյանն էլ անդրադարձավ Իշխան Սաղաթելյանի «տղա են, թող գան» արտահայտությանը։ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը այս ձևակերպմամբ իշխանությանը հրավիրել էր իրենց նախաձեռնած արտահերթին. «Նախ ես տղա չեմ, եթե նկատում է, բայց եթե այդպես տղայական խոսակցության մասին է խոսքը, ապա եթե տղա է Իշխան Սաղաթելյանը, ո՞ւր էր այս ամբողջ ժամանակահատվածում և այդ թվում` այն օրը, երբ ծափողջյուններով «Քաղաքացիական պայմանագիրը» ճանապարհեց իրենց ընկերներին»:

Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանն այսօր հետաքրքրվում էր. «Ի վերջո սա կարելի՞ է դիտարկել որպես ընդդիմության վերադարձ խորհրդարան»:

Մոտ մեկ ամիս ընդդիմադիր 2 խմբակցությունները խորհրդարանական աշխատանքներին գրեթե չմասնակցեցին, բացառություն էր ԱԺ-կառավարություն նախորդ հարցուպատասխանը, երբ եկել էին ընթերցելու Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Իշխանական պատգամավորները կարծում են՝ ընդդիմությունը փակուղի է մտել, արտահերթի այս նախաձեռնությունն էլ ելքի փնտրտուք են որակում։

«Ի՞նչ է ընդդիմության քաղաքական օրակարգը: Մի բան է ինձ համար հստակ` ամեն անգամ, որ դուք գոռում եք Հայաստան առանց այսինչ էթնիկ խմբի ներկայացուցչի, Ադրբեջանի ներկայացուցիչները ՄԱԿ-ի միջազգային դատարանում նոր, արհեստածին փաստաթուղթ են դնում իրենց հայցի մեջ` սրանով իսկ վնասելով թե՛ մեր հայցի ճակատագիրը հետագայում, թե՛ հնարավոր առավել բարենպաստ լուծումները կարգավիճակից հարցերում: Այն, ինչ արվում է, պարզապես հակապետական գործունեություն է», - կարծում է Վլադիմիր Վարդանյանը:

«Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը վստահեցնում էր՝ փողոցային պայքարը չեն դադարեցնում՝ զուգորդելու են խորհրդարանական աշխատանքի հետ՝ բարձրացնելու համար իրենց օրակարգի հարցերը։

«Մեր օրակարգն, ըստ էության, այն է, ինչ որ մենք հիմա այս հայտարարությամբ ասել ենք` ինչի մասին ենք մենք այսօր լսում, որ խորհրդարանում քննարկումներ են տեղի ունենում: Այդ քննարկումներն այս հարցի հետ առաջնահերթ բացարձակապես կապ չունեն:

Նախ սա լուծենք, մեր լինելիության հարցը ճշտենք, մեր ապագայի հարցերը ճշտենք, երաշխավորենք, նոր զբաղվենք մնացած երկրորդական, երրորդական հարցերով», - նշեց պատգամավորը: