Բուենոս Այրեսում ֆուտբոլասերները ցնծությամբ են ընդունել արգենտինացի հռչակավոր ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի պատվին նկարազարդված օդանավը։
«Tango D10S» օդանավի իրանի վրա Արգենտինայի հավաքականի համազգեստով Մարադոնայի լուսանկարների մեծ պատճենն է, որտեղ նա համբուրում է 1986 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճած չեմպիոնական գավաթը։ Օդանավի ամբողջ երկայնքով Մարադոնայի խաղերի ուրիշ դրվագների նկարներ ևս կան, այդ թվում` «Աստծո ձեռքի» մասին հայտնի պահը, երբ նա ձեռքով գոլ էր խփել Անգլիայի հավաքականի դարպասին։
Մարադոնայի դուստրերը` Դալման և Ջանինան միացել են օդանավը դիմավորող ֆուտբոլասերներին։
Օդանավը պատկանում է արգենտինյան մի ընկերության, որը գործում է Միացյալ Նահանգներում։ Մարադոնայի պատկերներով նկարազարդված օդանավը թռիչքներ է կատարելու Արգենտինայի տարբեր քաղաքներ, իսկ նոյեմբերին՝ Քաթար, դեպի աշխարհի ֆուտբոլի առաջնություն։