Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարին դժգոհել է Ալիևի մեկնաբանություններից. քաղաքագետ

Բրյուսելյան եռակողմ հանդիպումից անմիջապես հետո վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ նշանակում է, որ Վաշինգտոնը ևս ընդգրկված է այս ձևաչափում, կարծում է Արեգ Քոչինյանը։ Քաղաքագետը հանդիպումը դրական է գնահատում։

«Եվ սա ապացույցն է նրա, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է այս գործընթացով և ներկա է բրյուսելյան ֆորմատում», - «Ազատությանն» ասաց Քոչինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա օրերին Հայաստան - Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստը

ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում, ըստ կառավարության հաղորդագրության, Փաշինյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատել հանդիպումը։ Միաժամանակ դժգոհել, որ դրանից հետո հնչել են մեկնաբանություններ, որոնք քննարկումների բովանդակության հետ կապ չունեն։

Վարչապետի աշխատակազմից չեն մանրամասնել՝ ինչ մեկնաբանությունների մասին է խոսքը։ Ըստ քաղաքագետի, Փաշինյանն ակնարկել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Բրյուսելում կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին։

«Սա կարծես թե արդեն նմանվում է սեփական հանրությանը սովորական բացված ճանապարհը որպես միջանցք հրամցնելու փորձի», - ասաց Քոչինյանը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր երեկ արձագանքել Ալիևի հայտարարությանը՝ պնդելով, թե «Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել»:

«Ոչ թե մենք ասում ենք միջանց չկա, իրենք ասում են միջանցք կա, այլ, ըստ էության, Միշելն էլ է ասում, որ միջանցք չկա, որովհետև իր նկարագրածով որևէ կերպ չի տեղավորվում միջանցքի հարթության մեջ», - ասաց քաղաքագետը։

Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, թե Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման հարցը, պայմանավորվել, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև՝ Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով: Եվրոպայի խորհրդի ղեկավարի հայտարարությունում էլ միջանցքի մասին որևէ հիշատակում չկա, շեշտում է Արեգ Քոչինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է՝ ՀՀ տարածքով միջանցք բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, Երևանը հերքում է