Պոլիկլինիկաները միավորելու՝ քաղաքապետարանի որոշումից դժգոհ երևանցիներն այսօր նորից էին փորձում բացատրել, որ իրենց հարմար չէ, օրինակ, Լեո փողոցից Մոսկովյան հասնել։ Իրենց սպասարկող շենքը նորոգված է, ասում են, իսկ Մոսկովյան փողոցում գտնվող թիվ 4 պոլիկլինիկան հին է, ջեռուցում էլ չունի, ինչու՞ պետք է այնտեղ գնան։
«Մենք ուզում ենք, որ կասեցնեն, պոլիկլինիկան չտեղափոխեն, բնակիչներին էլ անհարմարություն չպատճառեն»։
Չնայած բնակիչների դժգոհություններին՝ Երևանի ավագանին 37 կողմ, 2 դեմ և 4 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց որոշումը, ըստ որի առայժմ առաջնային օղակի 6 շենք կազատվի։ Կենտրոնում գործող 4 պոլիկլինկաներից թիվ 1-ը, 5-ն ու քաղաքային դիսպանսերը կմիանան 4-րդ պոլիկլինիկային, Նուբարաշենում գործող պոլիկլինիկան՝ Նոր Արեշինին, Նորագավիթինը՝ Սարի թաղին, իսկ Արաբկիր մանկական պոլիկլինիկան կմիանա Նոր Արաբկիր առողջության կենտրոնին։
Քաղաքապետարանից պնդում են՝ նշված բոլոր պոլիկլինիկաները պարտքեր են կուտակել, քիչ այցելուներ ունեն։ Միավորման դեպքում, մինչդեռ, կառավարումը կդառնա արդյունավետ, աշխատավարձերը կբարձրանան, շենքերը կնորոգվեն։
Իզաբելլա Աբգարյանը, որ ավագանու իշխանական խմբակցույթունը վերջերս է լքել, այլ մտահոգություն ունի. - «Տեսնելով քանի հիմնարկ է միավորվում, բայց որ շենքերն են հենց ազատվում, ես կասկած չունեմ, որ նպատակը այդ շենքերը հետագայում վաճառել, մասնավորեցնել և կրկին գումար աշխատելը, ինչ-որ տնտեսական աճ ապահովելն է։ Մի բան, որը շատ լավ հիշում է Երևանի պատմությունը։ Պոլիկլինիկաներին վերաբերվում են ինչպես շաուրմայանոցի կամ կոշիկի խանութի...»
Երևանի 24 պոլիկլինիկաները տարեկան շուրջ 1,5 միլիոն քաղաքացիների են սպասարկում։ Դրանք միավորելու նախագծի հեղինակը՝ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ասում է, թե փոքրերը, պարտքեր կուտակելուց բացի, նաև դեղ ձեռք բերելու խնդիր են ունենում, դրանց համար հայտարարված մրցույթներին դեղ ներկրող ու սպասարկող ընկերությունները շահագրգռված չեն մասնակցել։ Մինչդեռ մեծ պոլիկլինիկաները նման խնդիր չունեն, ավելին՝ զեղչերից են օգտվում։
Բնակկչների բողոքներից փոխքաղաքապետը տեղյակ էր, լսել է նաև ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի կասկածների մասին։
«Ուզում եմ հավաստիացնել, որ էդպիսի որոշում, պայմանավորվածություն չկա ու չի կարող լինել... Էնտեղ նաև պնդում էին անում, որ էդ շենքը արդեն վաճառված ա, բայց էդ շենքը էս պահին «Թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բալանսում ա գտնվում, ու չի կարա տենց ուղղակի վաճառվի, ոչ մեկ չիմանա։ Էդ շենքի հետագա ճակատագիրը ավագանու լիազորությունների շրջանակում ա, էդտեղ ես ինքս որևէ իրավասություն չունեմ։ Ես կոլեկտիվների հետ խոսել եմ, ասել եմ՝ երբ որ էդ տեղափոխման հարցը մենք կքննարկենք, եթե մենք ձեզ ավելի լավ պայման չառաջարկենք, դուք չեք տեղափոխվելու», - «Ազատությանն» ասաց Սիմոնյանը։
Արաբկիրի մանկական պոլիկլինիկայի աշխատակիցները թերահավատ են՝ իսկ, եթե իրենց տրված խոստումները չիրականացվե՞ն։ Իրատեսական չեն համարում նաև առաջարկը, թե ինչու պետք է 4 առանձին մուտքով, բարեկարգ այգիով, թարմացված բժշկական կաբինետներով իրենց շենքից դուրս գան ու գնան մի շենք, որտեղ նաև մեծահասակներ են սպասարկվելու։ Դեմ չեն միավորմանը, պարզապես մեկ ցանկություն ունեն՝ մնան իրենց շենքերում, ասել է թե՝ մասնաշենքերի կարգավիճակով։
Քաղաքային իշխանությունից պնդում են Արաբկիրի մանկական պոլիկլինիկան տրանսպորտային հանգույցներից հեռու է, իսկ առաջարկվողն ավելի մոտ ու հասանելի է բոլոր բնակիչներին։ Վստահեցնում են, որ միավորված պոլիկլինիկաները ոչ միայն կնորոգվեն, այլև դրանց սեյսմակայունության հարցը կլուծվի, արևային պանելներ ու ջրատաքացուցիչներ կտեաղդրվեն, բյուջեն կմեծանա և այլն։
Մինչդեռ բնակիչները հիշեցնում են՝ նորոգեք ու կարգի բերեք բոլոր պոլիկլինիկաները։