Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Վարչապետի հետ հեռախոսազրույցում պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, հաղորդում է կառավարությունը:

«Վարչապետ Փաշինյանը տպավորություններն է կիսել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ, ընդգծելով, որ թեև հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում, հանդիպումից հետո ցավոք հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ», - ասված է հաղորդագրության մեջ:

Էնթոնի Բլինքենն, իր հերթին, վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիային, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարածաշրջանային կայունության հաստատմանը:

Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը խոսել են նաև հատուկ ներկայացուցիչների մակարդակով Հայաստան-Թուրքիա քննարկումների մասին:

Փաշինյան-Ալիև բրյուսելյան բանակցություններից մեկ օր անց՝ երեկ երեկոյան Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։