«Խաչատրյան» միջազգային մրցույթին այս տարի մասնակցելու են 26 երաժիշտներ 17 երկրներից

2003 թվականին Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հիմնադրված Արամ Խաչատրյանի միջազգային ամենամյա մրցույթը ամեն տարի Երևանում է համախմբում երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ կատարողների աշխարհի ամենատարբեր երկրներից։

Այս տարիների ընթացքում նրանցից շատերը հայտնի են դարձել ողջ աշխարհում իրենց կատարողական բարձր արվեստով, որի առաջին գնահատականը նրանցից ոմանք ստացել են Երևանում՝ Արամ Խաչատրյանի անունը կրող մրցույթին։

Ամեն տարի մրցույթին մասնակցում են տարբեր մասնագիտությունների տեր երաժիշտ կատարողներ։ Անցյալ տարի մրցում էին դիրիժորները, իսկ այս տարի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը ավանդաբար մեկնարկող միջազգային մրցույթին մասնակցում են միայն թավջութակահարները։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում ընդգծեց «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, տարեցտարի ավելանում է մրցույթին մասնակցել ցանկացող երաժիշտների թիվը, ընդլայնվում է աշխարհագրությունը. - «Այս տարի մի նորամուծություն ունեցանք։ Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ մենք ունեցանք հովանավորներ, որոնց շնորհիվ մասնակիցների մասնակցության վճարը հանվեց, և դիմորդները, առանց որևէ վճար վճարելու, հնարավորություն ունեցան դիմել մրցույթին։ Այդ իսկ պատճառով ունեցանք ավելի մեծ թվով մասնակիցներ, քան ենթադրում էինք։ Տարին հատկանշական է նաև նրանով, որ Արամ Խաչատրյանը մասնագիտությամբ թավջութակահար էր, և դա է'լ ավելի հետաքրքիր է դարձնում այս տարվա մրցույթը։ Պետք է նշենք, որ փուլերը բաց են, անվճար են, բացման և փակման համերգները կլինեն հրավիրատոմսերով և տոմսերով։ Կսպասենք ձեզ հունիսի 6-ին բացման համերգին, այնուհետև փուլերին, և ապա՝ հունիսի 13-ին փակման գալա-համերգին»։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նախնական փուլը հաղթահարել են 26 երաժիշտներ 17 երկրներից։ Նրանցից 4 Հայաստանից են։ Մրցութային հանձնաժողովի կազմում են անվանի երաժիշտներ տարբեր երկրներից։

«Այս տարի նորամուծություն ունենք։ Քանի որ մրցույթը միջազգային մրցույթ է, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, քննարկեց և միաձայն համաձայնության եկավ, որ քանի որ մրցույթը միջազգային մրցույթ է, այդ իսկ պատճառով այս տարի առաջին անգամ մրցույթը կղեկավարի օտարազգի ներկայացուցիչ՝ Էդուարդ Վուլֆսոնը», - նշեց Թովմասյանը։

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն այս տարվա մրցույթից, նա պատասխանեց. - «Մենք հավատարիմ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը, և մեր հիմնական նպատակն է հանրահռչակել Արամ Խաչատրյանի երաժշտությունը ամբողջ աշխարհում, յուրաքանչյուր տարի շեշտադրել Արամ Խաչատրյանի մասին և նրա թողած ժառանգության մասին, Հայաստանի տեղը դասական երաժշտության քարտեզի վրա ամրապնդելն է, ինչպես նաև նոր անունների հայտնաբերելը։ Մենք բաց ենք աշխարհի բոլոր երկրների մասնակիցների համար, և հավասար մրցակցությունը տրված է բոլոր երկրների ներկայացուցիչներին։ Այո, համավարակը խոչընդոտներ ստեցծեց՝ չնայած անցած տարի մենք հաջողությամբ իրականացրեցինք Խաչատրյան միջազգային մրցույթը։ Ի դեպ, պետք է փաստել, որ այս տարի ևս մենք ունեցանք պետության կողմից աջակցություն՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը մեզ կաջակցի մրցույթին։ Կարծում եմ, որ Խաչատրյան միջազգային մրցույթը այն եզակի մշակութային միջոցառումներից է, Հայաստանի մշակութային քաղաքականության անքակտելի մասն է, և պետք է հետագայում նաև աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի է'լ ավելի զարգացնենք, է'լ ավելի մեծ շուքով նշենք, կազմակերպենք մրցույթը։ Հատկապես, որ հաջորդ տարի լրանում է մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակը»։