Այլ պետության ինքնիշխանության հաշվին տարանցում ստանալու վերջին հայտնի դեպքը Դանցիգի միջանցքն էր. Լևոն Գևորգյան 

Ժամանակակից միջազգային հարաբերություններում որևէ պետություն բացառապես իր ինքնիշխանության շրջանակում է սեփական տարածքով տարանցման հնարավորություն տալիս այլ պետության, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը։

Գևորգյանի խոսքով՝ օտար պետության ինքնիշխանության հաշվին տարանցման իրավունք ստանալու վերջին հայտնի դեպքը Առաջին աշխարհամարտից հետո պարտված Գերմանիայից հօգուտ Լեհաստանի անջատված, այսպես կոչված, Դանցիգի միջանցքն էր, որն էլ ի վերջո դարձավ Երկրորդ աշխարհամարտի պատճառներից մեկը։

«Իհարկե, օրինակ` կան մի խումբ երկրներ, օրինակ` դեպի ծովեզր ելք չունեցող երկրները, որոնք օգտվում են հատուկ ռեժիմից, որը կարգավորում է սովորույթային միջազգային իրավունքում, սակայն եթե խոսքը գնում է պարզապես երկու հարևան երկրների միջև տարանցման իրավահարաբերությունների ու տրանսպորտային փոխադրումների մասին, սրանք բացառապես պայմանագրային հարթությունում գտնվող խնդիրներ են», - նշեց նա:

Երեկ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների երրորդ հանդիպումից հետո Շառլ Միշելը նշեց, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են, «թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով»:

Լևոն Գևորգյանը բերեց Ռուսաստանի Կալինինգրադի մարզի և Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգի օրինակները, որոնք, ինչպես Նախիջևանի դեպքում, օտար պետությունների տարածքներով անջատված են, այսպես կոչված, իրենց պետությունների հիմնական հատվածներից։ Սակայն ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Վաշինգտոնը հարևան երկրների տարածքներով դեպի Կալինինգրադ կամ Ալյասկա տարանցման հատուկ պայմաններ չունեն։

«Տարանցումը որևէ պետության տարածքով բացառապես այդ պետության սուվերեն իրավունքն է, որը պետությունը կարող է զիջել, այսինքն` տալ այդ հնարավորությունը կամ կարող է չտալ: Այդ զիջումներն իրականացվում են պայմանագրային հիմունքների հիման վրա, և որպես կանոն դրանք մաս չեն կազմում հետպատերազմյան «խաղաղության պայմանագրերի», ինչո՞ւ, որովհետև եթե խոսքը գնում է խաղաղության պայմանագրի պայմանական հետպատերազմյան արդյունքում ստորագրվող փաստաթղթի շրջանակներում նման զիջումների մասին, ապա այստեղ, բնականաբար, բովանդակային խնդիրներ են առաջանում, թե զիջումները զիջող պետության ինքնիշխան կամքի արդյունքն են, թե ոչ», - ասաց Գևորգյանը:

Ժամանակին հայ-վրացական հաղորդակցությունը իրականացվել է երկկողմ պայմանավորվածությամբ. «Ապավենի» գործադիր տնօրեն

Եվրոպական խորհրդի նախագահը երեկ նաև հայտարարել էր, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների և տարանցման տուրքերի շուրջ:

Բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան խոշորագույն ընկերության՝ «Ապավենի» գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանն այսօր «Ազատությանը» ներկայացրեց, թե օրինակ` Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելիս սահմանային վարչարարությունն ու տարանցման տուրքերը ինչպես են գործում։

«Վրաստանի օրենսդրության համաձայն` ցանկացած տրանսպորտային միջոց, բեռնատար տրանսպորտային միջոց, եթե դա բարձված է, դատարկ չէ և իրականացնում է տարանցիկ փոխադրում Վրաստանի տարածքով, պետք է վճարի 200 լարի` Վրաստանի տարածքով ենթակառուցվածքներից օգտվելու: Շատ պարզ մեխանիզմ են իրենք օգտագործում, այսինքն` կապ չունի որ սահմանային կետից եք մտել Վրաստան, Վերին Լարսից մտել եք, գալիս եք Հայաստան: Մտել եք Վերին Լարս անցակետով և Բագրատաշե անցակետով մտնելու եք Հայաստան, տարանցիկ անցաք Վրաստանի տարածքը, պետք է վճարեք», - նշեց նա:

Ըստ Աղաջանյանի` պետությունները նաև կարող են պայմանավորվել՝ տարանցիկ վճարներից ազատելով միմյանց բեռնատարները կամ բարենպաստ այլ պայմաններ ստեղծելով, և այդ պարագայում հարցը կարգավորվում է երկկողմ պայմանավորվածությամբ, ոչ թե որևէ պետության ներքին օրենսդրությամբ։ Ժամանակին նման պայմանավորվածություն գործել է Հայաստանի ու Վրաստանի միջև, երբ հայկական ու վրացական բեռնատարները միմյանց տարածք հատելիս չէին վճարում։

Your browser doesn’t support HTML5

Այլ պետության ինքնիշխանության հաշվին տարանցում ստանալու վերջին հայտնի դեպքը Դանցիգի միջանցքն էր. Լևոն Գևորգյան