Վանաձորցիներն անժամկետ փակել են քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը՝ Աղայան փողոցը։ Արդեն կես տարի ընդամենը մեկ կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը չի ավարտվում։
Հարակից շենքերի բնակիչներն ասում են՝ անտանելի է. արևին փոշու մեջ են, անձրևին՝ ցեխի. «Այսօր մարդիկ չեն կարողանում անգամ մի հատ պատուհան բացել, որ մաքուր շնչեն իրենց երեխաները: Ես իմ երեխուն պիտի փողոցն անցնեմ, որ տանեմ դպրոց, չեմ կարում, տուման ա ելնում էն ձևի, որ վարորդը գալիս, տոռմուզ ա տալիս զոռով, կանգնում»:
«Ամբողջ Վանաձորում ճանապարհները լոբու մարգեր են, լոբու մարգեր: Մինչև Չորրորդ Տարոնից գալիս եմ քաղաք, աղիքներս կտրատվում են», - ասում են նրանք:
Այս ճանապարհն անցած տարեվերջին՝ տեղական ընտրություններից անմիջապես առաջ, քանդեցին հիմնանորոգելու համար, բայց այդպես էլ գործն ավարտին չհասավ։ Նախ պատճառաբանեցին, թե ձմեռ է, ասֆալտապատելն անհնար է, իսկ հետո, թե քաղաքը ղեկավար չունի, շինարարին վճարել չեն կարող։ Վանաձորցիները մի քանի անգամ բողոքի ակցիաներ արեցին, դժգոհեցին, բայց արդյունք չեղավ։ Ավագանի ու ղեկավար չունեցող համայնքապետարանի պաշտոնյաները հուսադրում էին, թե համայնքի ղեկավարի պաշտոնակատար լինի, բոլոր չարված աշխատանքները կարվեն։
«Առաջ պատճառաբանում էին, թե համայնքը ղեկավար չունի, փող չի փոխանցվել: Հիմա էլ կա, փողը կա, համայնքն էլ ղեկավար ունի: Ինչքա՞ն կարելի է ժողովրդին խաբել», - ասում են տեղացիները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի քաղաքապետի նորանշանակ պաշտոնակատարը հայտնի է բիզնեսներով ու քրեական անցյալովՏասն օր առաջ Վանաձորում ի վերջո համայնքի ղեկավարի պաշտոնակակատար նշանակվեց։ Աղայան փողոցի շինարարությունը վերսկսելու մասին հայտարարություն եղավ։ Բայց ընդամենը մեկ շաբաթ անց՝ այսօր վաղ առավոտյան, շինարարական ընկերությունը եկել ու փորձել էր տանել տեխնիկան` պատճառաբանելով, որ աշխատանքը հետաձգվել է անորոշ ժամանակով։
Հարակից շենքերի բանկիչները, սակայն, թույլ չէին տվել, այս պահին էլ խոշոր քարերով փակ է ճանապարհը նաև շինտեխնիկայի համար:
Աղայան փողոցի հիմնանորոգման համար հրատապ բաց մրցույթ է եղել դեռ անցած տարվա ամռանը։ Շահել է «Լեոպոլդ և ընկերներ» կազմակերպությունը` ընդամենը 1100 մետրանոց փողոցի հիմնանորոգման համար նախատեսելով 426 միլիոն դրամ՝ կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ։
Այսօր համայնքապետարանի կոմունալ բաժնի պատասխանատու Արմեն Այվազյանը, որ եկել էր հանդիպելու բողոքի ակցիայի մասնակիցներին, հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին` ինչն է աշխատանքը դադարեցնելու պատճառը, ասաց՝ իրենք էլ չգիտեն՝ փորձում են պարզել. «Վերանորոգման աշխատանքների հետ կապված հարցերը հիմա քննարկվում են, կկարգավորվի, պետք չէ խնդիր սարքել»:
«Լեոպոլդ և ընկերներ»-ից ևս հրաժարվեցին հստակ պատճառներ նշել։ Տենդերների մասնագետ ներկայացած Մարիաննան առանց մանրամասներ հայտնելու ասաց՝ ամեն ինչ անում են աշխատանքը վերսկսելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի աղբահանությունն ապահովող ընկերությունները մեկ ամիս է, ինչ անվճար են աշխատումԱղայան փողոցի մոտ կես միլիարդ դրամանոց շինարարության իրավունքը շահած «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը Արմեն Բադալյանն է։ Մամուլի տեղեկություններով` նա իշխանությունների հրաժարականը պահանջող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու եղբորորդին է։ Միայն 2021 թվականին կառավարությունն այս ընկերության հետ մոտ 5 միլիարդ դրամի շինարարության պայմանագրեր է կնքել։ Վանաձորցիները կասկածներ ունեն, որ ընդամենը մեկ կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը չի ավարտվում զուտ քաղաքական պատճառներով։
«Գիտե՞ս` շինարարությունն ով է անում, Ռոբերտ Քոչարյանի խնամին: Դրա համար էլ չեն շինում», - ասում է վանաձորիցներից մեկը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մինչդեռ, «Ազատությանն» ասացին՝ փորձում են քաղաքական ենթատեքստեր չտեսնել և խնդիրը կարգավորել բանակցությունների միջոցով: Շինարարին կանչել են նախարարություն՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Շեշտեցին, որ համայնքապետարանը չի կարողանում վճարել շինարարին, քանի որ ավագանին նիստեր գումարելու և ֆինանսական հատկացումների մասին որոշումներ ընդունելու հնարավորություն չունի։ Դատարանը դեռ այս տարեսկզբին արգելել է ավագանուն նիստ անցկացնել։ Մինչև օրվա վերջ, սակայն, ո՛չ համայնքապետարանից, ո՛չ շինարարական ընկերությունից, ո՛չ էլ նախարարությունից պատասխան չեղավ՝ ի վերջո լուծվե՞լ է խնդիրը, թե ոչ։