«Քննարկումը բաց էր և արդյունավետ». Բրյուսելում կայացավ Միշել - Փաշինյան - Ալիև հանդիպումը

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, երեկ Բրյուսելում հայտարարեց Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: Թե կոնկրետ երբ և սահմանի որ հատվածում է լինելու այդ հանդիպումը` եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան չհստակեցրեց:

«Քննարկումը բաց էր և արդյունավետ, մենք դիտարկեցինք հարցերի մի ամբողջ շրջանակ: Մանրամասն քննարկեցինք մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածներին ազատ արձակելու ջանքերը և անհետ կորածների ճակատագրերը: Հետևյալ արդյունքներին ենք հասել. սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման և սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը», - ասաց Միշելը:

Բանակցություններից հետո ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի առաջնորդները լրագրողների հարցերին չպատասխանեցին: Կարճ հայտարարություն արեց միայն Եվրոպական խորհրդի ղեկավարը, տեղեկացնելով` կողմերն ընդհանուր հայտարարի են եկել նաև տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ:

«Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, և պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների և տարանցման տուրքերի շուրջ», - նշեց Շառլ Միշելը:

Ըստ Միշելի, Փաշինյանն ու Ալիևը խոստացել են պահպանել սերտ շփումներն ու նույն` եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում էլ անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:

Մանրամասները տե՛ս այստեղ