Բրյուսելում հանդիպել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրանք, ըստ կառավարության հաղորդագրության, անդրադարձել են այսօր նախատեսված վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը խոսել են նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, ինչպես նաև այս տարվա ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ` հույս հայտնելով, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի իրականացման ընթացքը:
Ավելի վաղ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը ժամանել են Բրյուսել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում կայացել է Միշելի ու Ալիևի հանդիպումը