Փաշինյանն ու Ալիևը ժամանել են Բրյուսել

Հայաստանի վարչապետը ժամանում է Բրյուսել, Բելգիա, 22 մայիսի, 2022թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։

Վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հաղորդում է կառավարությունը:

Եվրամիության մայրաքաղաք է ժամանել նաև Ադրբեջանի նախագահը, փոխանցում է նրա աշխատակազմը:

Այստեղ այսօր նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Սա Ալիևի և Փաշինյանի երրորդ դեմ առ դեմ հանդիպումն է Բրյուսելում։ Նրանք հանդիպումներ են ունեցել 2021 թվականի դեկտեմբերին և այս տարվա ապրիլին։

Բրյուսելում Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ, ավելի վաղ հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` հավելելով, որ օրակարգում նույն հարցերն են, ինչ նախորդ հանդիպումների ընթացքում: