Իրավապահներն այսօր խուզարկություն են իրականացրել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում։ Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանի փոխանցմամբ՝ խուզարկությունն առնչվում էր նախորդ տարի արված մի տեսանյութի հետ։
«Իրավապահները փորձում էին գտնել [Գրիգորյանից] գումար ստացող անձանց ցուցակներ, բայց ոչինչ չեն գտել»,- «Ազատությանն» ասաց Վարոսյանը։
Խուզարկությունից հետո իրավապահները Գրիգորյանին կասկածյալի կարգավիճակով բերման էին ենթարկել նախ ոստիկանություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե։ Վանեցյանի օգնականը որոշ ժամանակ անց ազատ արձակվեց, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ։
Քննչական կոմիտեից առայժմ որևէ մեկնաբանություն չեն տալիս՝ հավելելով միայն, որ տեղեկատվություն կտրամադրեն երկուշաբթի օրը։
«Արթուր Վանեցյանի օգնականը գումար է բաժանում քաղաքացիներին» վերնագրով տեսանյութը, որի համար, ըստ փաստաբանի, խուզարկել են Գրիգորյանի բնակարանը, անցած ամիս հրապարակել էին իշխանական լրատվամիաջոցները։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն, ավելի վաղ անդրադառնալով այդ տեսանյութին, լրագրողներին ասել էր. - «Դա ձմեռվա տեսանյութ է։ Սիրահարների այգու շրջակայքում է եղել։ Փող մուրացող մարդիկ են եղել, եկել, գումար են խնդրել, ինքն էլ մեկին տվել է, մի քանի հոգի վերցրել են»։