Միջազգային լրատվամիջոցները նոր մանրամասներ են պատմում Պուտինի դստեր մասին

Վլադիմիր Պուտինի դուստր Կատերինա Տիխոնովան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թոռնուհին և դուստրը՝ Կատերինա Տիխոնովան բնակվում էին Մոսկվայում և Մյունխենում։ Գերմանական քաղաքում ապրում էր աղջկա հայրը՝ Բավարիայի բալետի պետական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Իգոր Զելենսկին։ Այս մասին գրում են միաժամանակ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Der Spiegel ամսագիրը։

Հրապարակումների համաձայն՝ Տիխոնովան նախկին ամուսնու՝ Կիրիլ Շամալովի հետ ամուսնալուծվելուց հետո պարբերաբար, երբեմն՝ ամսվա ընթացքում մի քանի անգամ մեկնում էր Զելենսկու մոտ։ 2019 թվականի վերջին նա՝ մանկահասակ դստեր, հետ տեղափոխվել է Մյունխեն։ Լրատվամիջոցները 2017 թվականին ծնված Պուտինի թոռնուհու անունը չեն նշում, սակայն պնդում են, որ ուսումնասիրել են նրա անձնագիրը, որից պարզ է դառնում, որ նա Զելենսկու և Տիխոնովայի դուստրն է։

Լրագրողներին հաջողվել է ծանոթանալ Մյունխենի չարտերային թռիչքներից մեկի ուղևորների ցանկին, որի համաձայն Մոսկվա են ժամանել Տիխոնովան, Զելենսկին և նրանց երկու տարեկան դուստրը, նրա դաշնամուրի ուսուցչուհին և երկու դայակները։ Հետաքննության համաձայն՝ Զելենսկին շարունակում է պաշտոնապես ամուսնացած լինել բալետի ուսուցչուհի Յանա Սերեբրայովայի հետ, զույգը երեք երեխա ունի։

Ռուսաստանի նախագահը իր անձնական կյանքի մասին չի խոսում, Կրեմլը հրաժարվում է նախագահի ընտանեկան կյանքի մասին տեղեկատվությունը համարել հանրության համար կարևոր։