Կոմպոզիտորների միությունը փառատոնով կնշի հիմնադրման 90-ամյակը

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր երեկոյան Կոմպոզիտորների տան դահլիճում մեկնարկում է Կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված փառատոն, որի ընթացքում կայանալիք համերգներին կհնչեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ի մի բերելով միության գոյության ինը տասնամյակների ընթացքում տեղ գտած լավագույն ձեռքբերումները, որոնք, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով, բավական տպավորիչ են։

Արամ Սաթյան

«Հայ կոմպոզիտորական արվեստը միշտ ավարգարդում էր դեռ Սովետական Միության ժամանակ, երբ որ ստեղծվեց այդ միությունը։ Միությունը ստեղծվեց մայիսի 9-ին 1932 թվին, և առաջին նախագահ ընտրվեց Աղայանը։ Իսկ դրանից հետո մենք ունեցել ենք շատ ճանաչված կոմպոզիտորներ, որոնք դարձել են նախագահ, և կոմպոզիտորների արվեստը զարգացել է։ Ես հիշում եմ, ավանգարդ հասկացողությունը երբ որ Սովետական Միությունում ինչ-որ մի տեղ սեղմված էին պահում, ասում էին դա բուժուական արվեստ է, հայ կոմպոզիտորները շարունակում էին։ Եվ էդ ժամանակ, ես հիշում եմ, Միրզոյանը ասում էր՝ ժամանակը կգա, նրանք իրանց դեմքը կցույց տան։ Այսինքն՝ երիտասարդները իրենց դեմքը ցույց տվին, և այսօր շատ ճանաչված կոմպոզիտորների անուններ կարող եմ տալ, որոնք անցել են այդ դպրոցը։ Շարունակվում են ավանդույթները, և այսօր մենք ինքներս պետք է արժեքավորենք մեր արվեստը», - հավելեց Սաթյանը։

Փառատոնի ընթացքում տեղի ունենալիք համերգներգները կլինեն թե' սիմֆոնիկ, թե' կամերային, թե' երգչախմբային։ Փառատոնի շրջանակներում նաև երեք մրցույթ է նախատեսված, որոնցից առաջինն արդեն տեղի ունեցավ։ Խոսքը Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա մրցույթի մասին է։ իսկ մյուս երկու մրցույթներին կներկայացվեն ժամանակակից կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունները և հայ ժամանակակից երաժշտագետների աշխատանքները։

Բացի դրանից, այսօր երեկոյան համերգից առաջ Կոմպոզիտորների միության ճեմասրահում կբացվի միության 90-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն արխիվային նյութեր և լուսանկարներ։

Իսկ այս երեկո մեկնարկող փառատոնի բացման համերգի ընթացքում ելույթ կունենան Երևանի պետական կամերային երգաչխումբը, Վանաձորի պետական կամերային նվագախումբը և անվանի մենակատարներ։

Մինչև նոյեմբեր կայանալիք միության հիմնադրման 90-ամյակին նվիրված փառատոնը հնարավորություն կտա մեր երաժշտասերներին անակնկալ երաժշտական գանձեր ունկնդրել և է'լ ավելի գնահատել հայ կոմպոզիտորական արվեստը, շեշտում է Արամ Սաթյանը։ Նրա համոզմամբ, թե' 20-րդ, թե' 21-դարում ստեղծված հայ կոմպոզիտորական արվեստը համաշխարհային երաժշտարվեստի մեջ իր ուրույն, խիստ արժեքավոր տեղն ունի. - «Ճիշտ է, մեր հանրապետությունը այնքան էլ ֆինանսապես հարուստ չէ, ինչպես ուրիշ հանրապետությունները, բայց շնորհիվ որակի մենք կարողանում ենք նվաճել որոշակի նոր տարածքներ»։

Արամ Սաթյանը հոբելյանական այս օրերին մեծ ցանկություն ունի, որ մեր նվագախմբերն ու երգախմբերը առավել հաճախ կատարեն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները. - «Օպերային թատրոնը վերջին երեսուն տարվա մեջ ժամանակակից կոմպոզիտորների ոչ մի բեմականացում չի արել... մեր անկախության մսից ա գնում, չէ՞։ Ստեղծագործություններ կան տարբեր, և կոմպոզիտորը միայն իր համար գրող չի, նա դարի արտահայտող է, երկրի դեմքն է։ Ինքը փորձում է խտացնել և տալ հանրությանը։ Առաջին հերթին խթանել հայ երաժշտությունը՝ Կոմիտասից սկսած, Չուխաջյանից սկսած, կատարել անընդհատ, որ աշխարհը մեզ այդ երաժշտությունով չմոռանա։ Պետք է ստեղծել նոր պայմաններ, հնարավորություններ, որ այդ երաժշտությունը հնչի։ Մեր հանրապետությունում միշտ չէ, որ հնչում է։ Բազմաթիվ ստեղծագործություններ մնում են թղթի վրա»։