Ոստիկանությունը կուսումնասիրի՝ արդյոք երեկվա անհնազանդության ակցիաների ժամանակ կարմիր բերետավորները վիրավորել են ընդդիմության ակցիաներին մասնակցող գնդապետին, բերման ենթարկելիս ծեծել նրան։ Այլ մանրամասներ դեռևս չեն փոխանցվում։
Երեկ ընդդիմության հանրահավաքի ժամանակ դեպքի մասին խոսեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անուն չհրապարակելով։ Ըստ մամուլի՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարը խոսում էր գնդապետ Սերգեյ Հայրապետովի մասին, որը տարիներ առաջ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Օհանյանի անվտանգության պետն էր։
«Գցում են քացու տակ, կոշիկներով, ոտքերով հարվածում գլխին, կողքից մեկն ասում է՝ «ի՞նչ եք անում, չէ՞ որ նա «Մարտական խաչի» ասպետ է, մայոր է ոստիկանական զորքերի», ասում է հետևյալը՝ «թու, քո «Մարտական խաչի» վրա և թու, քո վրա», թքում են մարտական գործողությունների մասնակից գնդապետի վրա», - ասաց Օհանյանը:
Երեկ ուշ երեկոյան ոստիկանապետի հետ հանդիպումից հետո ընդդիմադիրները փոխանցեցին Վահե Ղազարյանի ներկայացրած տվյալները։ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ մեկ ոստիկանի գործունեությունը կասեցված է, ևս 37-ի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել են նաև մեկ տասնյակից ավելի քրեական գործեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների դեպքերով հարուցվել են քրգործերՈստիկանների գործողությունները քննող Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործերի հստակ թիվ չի նշում, հայտնում են միայն, որ դեռևս մեղադրյալներ չկան։ Իսկ շաբաթներ շարունակ անհնազանդության ակցիաներ անցկացնող ընդդիմադիրները պահանջում են պատասխանատվության ենթարկել անհամաչափ ուժ կիրառած բոլոր ոստիկաններին, նաև՝ նրանց հրահանգ տվողներին։
Երեկ ոստիկանները փորձել էին բերման ենթարկել նաև «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանին։ Պատգամավորը պնդում է՝ ոստիկանների գործողությունների հիմքում վախն է։
«Այստեղ բնական է, որ պատվեր տվողները և կատարողները փորձելու են քաղաքացիների մեջ ահաբեկման, վախի մթնոլորտ ստեղծելու համար անգամ պատգամավորի նկատմամբ նման վարքագիծ դրսևորելու միջոցով փարձեն տարածել այդ վաղը», - ասաց Մինասյանը:
Ընդդիմադիրները նաև պնդում են, որ այս ամիս, երբ իրենք սկսեցին բողոքի գործողությունները, ոստիկանները ավելի քան 6,5 միլիոն դոլարի պարգևավճար են ստացել։
«Մեծագույն կասկած ունեմ, որ ոչ միայն շուրջ 6,5 միլիոն դոլարի պարգևատրումն է եղել, ընդ որում, հավանաբար խոսքը չի գնում ոստիկանության ողջ համակարգի մասին, այլ առանձին հատվածի մասին, այդ վայրագություններ նաև դրսևորած անձանց տրված պարգևատրումների, խոսքը գնում է այն բորենիների խմբին, որոնք հարձակվում են քաղաքացիների, մարդկանց վրա, նրանք ոչ միայն գերլարված, նրանք սուպերլարված էլ կարող են աշխատեն: Նրանք ստանում են այդ գումարները, որպեսզի ավելի շատ ջարդեն քաղաքացիներին», - ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Ոստիկանությունը չի հերքում, որ իրավապահները պարգևատրվել են։ Փոխոստիկանապետը, սակայն, հերքում է ընդդիմության այն պնդումները, թե գումարը ստանում են անհամաչափ ուժ կիրառած աշխատակիցները։ Արա Ֆիդանյանը, թիվ չհրապարակելով, բացատրում էր, թե ոստիկանությունը օրուգիշեր գերլարված աշխատում է։
«Դա պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, որ այս օրերին՝ արդեն 20 օր մոտավորապես ոստիկանությունը օր ու գիշեր գերլարված ծառայություն է իրականցնում: Պետք է նշեմ, որ համաձայն իրավակարգավորումների հավելյալ վարձատրություն գիշերային ժամերին, աշխատանքից դուրս ժամերի համար ոստիկանության ծառայողները չեն ստանում: Բնականաբար, ոստիկանությունը այս դեպքում պետք է կարողանան ապահովել իր ծառայողների նաև որոշակի ֆինանսական ապահովումը», - ասաց Ֆիդանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանության ձեռագիրը անփոփոխ է. իրավապաշտպաններ
Մինչ ոստիկանությունը հայտարարում է, թե գերլարված են աշխատում, իրավապաշտպանները շարունակում են քննադատել նրանց՝ ցույցերի մասնակիցների նկատմամբ կոշտ վերաբերմունքի համար։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատախազությանը ներկայացրած հանցագործության նախորդ հաղորդումներին այսօր ավելացրել է ևս երկուսը։ Իրավապաշտպան կազմակերպությունում կարծում են, որ իրավապահները խախտել են ցուցարարների իրավունքները, որոնք ամփոփված են ԵԱՀԿ-ի աջակցությամբ ոստիկանության կազմած տեղեկագրում։
Ըստ դրա՝ քաղաքացին կարող է ձերբակալվել, եթե անհրաժեշտ է պարզել նրա ինքնությունը, կանխել իրավախախտումը։ Քաղաքացուն հասկանալի լեզվով պետք է պարզաբանվի, թե ինչու է տարվել ոստիկանություն, անհապաղ պետք է իմանա իր իրավունքների, այդ թվում՝ լռելու և փաստաբան ունենալու, նաև բացատրություն տալուց հրաժարվելու հնարավորության մասին։ Այս օրերին բերման ենթարկված բազմաթիվ ընդդիմադիրներ պնդում են, որ իրենց այս իրավունքները չեն պաշտպանվում ոստիկանությունում։