Գուտերեշը Մոսկվային կոչ է անում ապաշրջափակել ուկրաինական հացահատիկի արտահանումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեկ նախազգուշացրել է, որ աշխարհի շատ երկրներում զանգվածային սովը և թերսնուցումը կարող է երկարաձգվել մի քանի տարի, եթե այժմ քայլեր չձեռնարկվեն համաշխարհային պարենային ճգնաժամին վերջ տալու համար:

Գուտերեշը ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման կոչ է արել Ռուսաստանին:

Ուկրաինայում աճեցվում է ցորենի համաշխարհային պաշարների 12 տոկոսը, եգիպտացորենի 15 տոկոսը, արտադրվում է արևածաղկի ձեթի 50 տոկոսը։

Մինչ ռուսական ներխուժումը Ուկրաինայի նավահանգիստներով ամսական արտահանվել է 4,5 միլիոն տոննա գյուղմթերք։ Սակայն քանի որ Օդեսայի, Չերնոմորսկի և ուկրաինական այլ նավահանգիստներ արգելափակված են ռուսական ռազմանավերի կողմից, մատակարարումները կարող են իրականացվել միայն ծանրաբեռնված ցամաքային ուղիներով, ինչն արդյունավետ չէ: Գուտերեշը Ռուսաստանին կոչ է արել թույլ տալ Ուկրաինային շարունակել հացահատիկի արտահանումը։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ասել է, թե Արևմուտքի անգրագետ մակրոտնտեսական քայլերն են խարխլել աշխարհում պարենային անվտանգությունը, և այդ ոլորտում խնդիրները սկսվել էին ուկրաինական պատերազմի մեկնարկից շատ առաջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը կոչով դիմել է Պուտինին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրիտանիայի Կենտրոնական բանկի կառավարիչը զգուշացնում է աշխարհում պարենի «աղետալի գնաճի» վտանգի մասին