ԱՄՆ-ը հանձնառու է օգնել հայ ժողովրդին ժողովրդավարական ապագա կառուցելու գործում. դեսպան Լին Թրեյսի

ԱՄՆ դեսպան  Լին Թրեյսին, արխիվ

Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել հայ ժողովրդին ժողովրդավարական ապագա կառուցելու գործում, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցի ընթացքում:

«Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ», - ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը:

Լին Թրեյսին խոսել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելության, նախկին ու ներկա փորձի, երկրից ստացած իր անձնական տպավորությունների, հայ-ամերիկյան հարաբերությունների ողջ օրակարգին առնչվող կարևորագույն հարցերի, տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին: Դեսպանը մանրամասնորեն անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերջին 30 տարվա ընդհանուր դինամիկային, դրանց հեռանկարներին և կարևոր տեղեկություններ է հաղորդել երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացման մասին:

Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: