Էստոնիան ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ զորավարժություն է անցկացնում

Էստոնիայում մեկնարկել է համատեղ զորավարժությունները ՆԱՏՕ-ի ուժերի հետ։ Հրապարակված տեսանյութում Էստոնացի զինվորականները թիրախի վրա կրակ արձակելով սովորում են ինչպես կիրառել հակատանկային «Ջավելին» շարժական հրթիռային համակարգը։ Զորավարժություններին մասնակցում են նաև էստոնացի պահեստազորայիններ։

«SIIL-22» կոչվող զորավարժություններին էստոնացի 15 հազար զինծառայող է մասնակցում, այդ թվում՝ 7 հազար 100 պահեստազորային ու դաշնակիցների 4 հազար 200 զինվորականներ։

Երկրի հարավում, Լատվիայի հետ սահմանամերձ շրջանում զորավարժությունները շարունակվելու են մինչև հունիսի 3-ը։

Էստոնիայում համատեղ զորավարժությունները մեկնարկեցին այն պահին, երբ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից անհանգստացած Ֆինլանդիան և Շվեդիան դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

«Երկու երկրների անդամակցումը Բալթյան տարածաշրջանում կբարձրացնի անվտանգության մակարդակը», - անցած երկուշաբթի ասել էր Էստոնիայի արտաքին գործերի նախարար Էվա-Մարիա Լիյմետսը։