Ռուսաստանը կարող է դուրս գալ համաշխարհային երկու կարևոր կազմակերպություններից

ՌԴ Պետական դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյ, արխիվ

Ռուսաստանի Պետական դուման կքննարկի Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից երկրի դուրս գալու հարցը: Այդ մասին հայտնել է «Պառլամենտսկայա գազետա» պարբերականը՝ հղում անելով Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյին:

«Ռուսաստանը դուրս է եկել Եվրոպայի խորհրդից, հիմա եկել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ժամանակը, դրանք անտեսել են իրենց պարտավորությունները մեր երկրի նկատմամբ», - ասել է փոխխոսնակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից

Այդ հայտարարությունը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահի տեղակալը հնչեցրել է վերին պալատում՝ Դաշնության խորհրդում տեղի ունեցած Խորհրդարանական 10-րդ հավաքում:

Պյոտր Տոլստոյի փոխանցմամբ՝ Ռուսաստանը պետք է վերանայի պայմանագրերը, «որոնք ոչ թե օգուտ, այլ անմիջական վնաս են հասցնում երկրին»:

Ռուսաստանը 1948 թվականին է միացել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և 2012-ին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: