Ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով այսօր ձերբակալվել է ընդդիմության հավաքների մասնակից Իգոր Խաչատուրովը, ով ՀԱՊԿ նախկին քարտուղար, Զինված ուժերի նախկին գլխավոր պետ Յուրի Խաչատուրովի որդին է։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ այսօր, ժամը 08:30-ի սահմաններում, ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Այդ հատվածում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, ըստ հաղորդագրության, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը:
Քննչական կոմիտեն դեռ ոչինչ չի հաղորդում երկրորդ քաղաքացու մասին, նշվում է միայն Իգոր Խաչատուրովի անունը։
Նախաքննությունը շարունակվում է։
Այսօր վաղ առավոտից բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են փակել որոշ փողոցներ: Չորս հարյուրից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, սա բերման ենթարկվածների ամենամեծ թիվն է վերջին երեք շաբաթների ընթացքում։