Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» մետաղագործական կոմբինատի տարածքում պատերազմի առաջին օրերից դիրքավորված ուկրաինացի զինծառայողները դուրս են գալիս նկուղներից: Դրանով Մարիուպոլն ամբողջությամբ անցնում է ռուսների հսկողությանը:
Հինգ ավտոբուսներով զինծառայողները ռուսական բանակի ուղեկցությամբ մեկնել են Նովոազովսկ: Նրանցից շատերը վիրավոր են: Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի փոխանցմամբ, 53 վիրավորներին փոխադրել են հիվանդանոցներ:
«Զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունը, Ազգային գվարդիան և Սահմանապահ ծառայությունը համատեղ սկսել են «Ազովստալի» գործարանի տարածքից 53 վիրավորներին Նովոազովսկ փոխադրեելու գործողությունը, ևս 211-ը մարդասիրական միջանցքով տեղափոխվել են Օլենիվկա, նրանց վերադարձի համար փոխանակման գործընթաց կլինի»,- ասել է փոխնախարար Մալյարը:
Ուկրաինական կողմը չի կիրառում «հանձնվել» եզրույթը, սակայն «Ազովստալից» դուրս եկող ուկրաինացի զինծառայողները գործնականում հանձնվում են:
Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ կարևորը զինծառայողների կյանքն է: Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի հետախուզությանը, բանագնացներին, Կարմիր խաչին և ՄԱԿ-ին:
«Ուզում եմ ընդգծել, որ Ուկրաինային կենդանի հերոսներն են պետք, դա է մեր սկզբունքը: Կարծում եմ՝ ցանկացած բանական մարդ կհասկանա ասածս: Մեր հերոսներին փրկելու օպերացիան մեր ռազմական հետախուզությունն է սկսել, շարունակվում է նրանց տուն վերադարձնելու աշխատանքը, այն նրբանկատություն և ժամանակ է պահանջում», - ասել է Վլադիմիր Զելենսկին:
Մարիուպոլը պատերազմի հենց առաջին օրվանից է ենթարկվել գրոհների և դարձել է խորհրդանիշ թե՛ ուկրաինացիների դիմադրության և թե՛ Ուկրաինան ավերելու Ռուսաստանի ցանկության:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ՊՆ․ «Ազովստալից» վիրավոր ուկրաինացիների տարհանման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել»