Ռուսական ռազմաբազայի կրակադաշտում 9 տարվա մեջ մահվան ելքով 3-րդ դեպքն է գրանցվել

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի կրակադաշտում երեկ ականի պայթյունից մահացել է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի 64-ամյա հովիվ Դերենիկ Տեփոյանը։

Տևական ժամանակ կրակադաշտից կրակոցների ձայներ չեն եկել և հարակից գյուղերի բնակիչներն այն որպես արոտավայր են օգտագործել, պատմում է մահացած հովվի ազգականը։

«Պայթյունից հետո ես եմ զանգել իրան, ասի՝ զանգեմ տեսնեմ ինչ պայթյուն էր, ինչ տեղի ունեցավ, զանգել եմ ինքը արդեն անհասանելի էր», - պատմեց ազգականը:

Պայթյունի ձայնը լսել է՝ տան բակում է եղել ու խուճապի մատնվել: Սա Կամխուտի ուսումնավարժական կրակադաշտում մահվան առաջին դեպքը չէ, 9 տարի առաջ նույն տեղում վահրամաբերդցի 2 երեխաներ էին կրկին ականի պայթյունից մահացել: Ռուսական ռազմաբազայի կրակադաշտի հսկիչ անցակետի մոտ այսօր՝ հովվի մահվանից մի քանի ժամ անց, ոչ ոքի չնկատեցինք:

Վահրամաբերդ, Կապս ու Հովունի գյուղերին բավականին մոտ կրակադաշտը ժամանակին եղել է արոտավայր, բայց հայ-ռուսական միջպետական պայմանագրի համաձայն մոտ 1000 հեկտար տարածքն անհատույց հանձնվել է ռուսական ռազմաբազային։ Զրկվելով միակ արոտավայրից՝ գյուղացիները զորավարժանքների ավարտից հետո շրջանցում են արգելված հատվածներն ու կենդանիներին տանում կրակադաշտ արածեցնելու, պատմում է երեկ մահացած հովվի ազգական Գարեգին Տեփոյանը: Ասում է զգուշացնող նշաններ կան, որ տարածք մուտք գործել չի թույլատրվում, բայց ստիպված են անասունին արոտի տանում:

«Իրանք մեծամասնությամբ ոնց են հայտնվում էդ տարածքները, այդ տարածքը մեր ու իրանց արանքն է, էդ արանքով անանսունները բարձրանում են դեպի սարքը, ձորակներ կան, ձորակների միջով հայտնվում են զինվորական տարածքներ», - ներկայացրեց Տեփոյանը:

Երեկվա պայթյունից հետո գյուղացիներին կրակադաշտի տարածք թույլ չեն տվել մտնել: Տեփոյանը տեսել է, թե ինչպես են սակրավորներ ժամանել: Նրա խոսքով՝ զորավարժություններից հետո պետք է, որ չպայթած զինամթերքը ոչնչացվի, սակայն արդյոք դա պատշաճ կերպով է իրականացվում՝ գյուղացին չգիտի։

«Որը հավաքում են երևի, որը չեն տեսնում, չեն գտնում, անձրևները հետո գալիս են էդ հողերը մաքրում են, նորից հելնում են գետնի երես», - նշեց նա:

Վահրամաբերդի վարչական ղեկավար Կամո Հարությունյանը ասաց, որ երեկվա դեպքից անմիջապես հետո հայ ու ռուս իրավապահների համատեղ քննչական խումբ է ստեղծվել:

«Համատեղ քննչական խումբ ստեղծվեց տեղում, 4-5 ժամ աշխատանք կատարեցին, դրանից հետո արդեն պարզ կլինի՝ պատճառն ինչ է», - ասաց Հարությունյանը:

Մահացած Տեփոյանի ընտանիքը սոցիալական վատ պայմաններում է ապրում: 64-ամյա Դերենիկ Տեփոյանը տունը հովվությամբ էր պահում: Ի դեպ՝ վերջինս կրակադաշտում էր նաև, երբ 9 տարի առաջ պայթյունից մահացան 15-ամյա Մուշեղ Գևորգյանն ու 12-ամյա Արթուր Մկրտչյանը։ Այդ ժամանակ հովիվն ինքն էր առաջին օգնության հասել երեխաներին:

9 տարի առաջ 2 երեխաների մահվան համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց: Ավելին մահացած երեխաների հարազատները պատմել էին, թե ինչպես են իրենց ստիպել հրաժարվել բողոքից. «Վախեցա, որ կարող ա ես իրանցից ինչ-որ բան պահանջեմ, ու իրանք գործի 90 տոկոսը թեքեն իմ ամուսնու վրա, էս անգամ էս 8 էրեխուն ով պետք ա նայեր, ես էլ ստիպված ստորագրել դուրս եմ եկել, որ բողոք չունեմ, բայց եկեք տեսեք՝ արդյոք բողոք չունե՞մ: Ես շատ մեծ բողոք ունեմ ռուսի վրա, ես պահանջում եմ իմ էրեխուն, իրանց անփութության երեսեից իմ երեխան չպիտի գնար»:

Ռուսական ռազմաբազայի կարակադաշտին հարակից գյուղերի բնակիչները պարբերաբար բողոքում են նաև, որ վարժանքների հետևանքով իրենց տներն են վնասվում ու որևէ փոխհատուցում չեն ստանում, իսկ ծանր տեխնիկան դաշտերն է վնասում, կրկին գյուղացուն ոչինչ չփոխհատուցելով: