Ալավերդցիները երկաթուղու ողբերգական դեպքերից «դասեր չեն քաղել». վերջին 3 տարում՝ մահվան 5 դեպք

Ալավերդիում մեկ շաբաթ է՝ գրեթե բոլորը նույն հարցն են տալիս՝ ինչպե՞ս էր երեսնամյա կինն անցած շաբաթ ընկել գնացքի տակ: Քննարկում ու շարունակում են անցնել նույն գծանցումով, որտեղ ողբերգական դեպքն էր տեղի ունեցել: Ջահելներն ասում են՝ այստեղով ճանապարհը կարճ է, տարեցները թե՝ հարմար է՝ քիչ են հոգնում:

Այս դեպքով քրեական գործ դեռևս չի հարուցվել։ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստում։ Իրավապահները դեռ չեն հաղորդում՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։ Հայտնի է միայն, որ 30 տարեկան կինը երկաթգծով քայլել է մոտ 30 մետր, գնացքը հարվածել է թիկունքից։ Նախնական վարկածով՝ կինն ականջակալներով է եղել և չի լսել գնացքի ազդանշանը, բայց Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ դեպքի վայրի զննությամբ ականջակալ չի հայտնաբերվել։ Նաև դեպի Վրաստան գնացող մայրուղին ու գարնան օրերին խիստ վարարած Դեբեդը կարող էին խլացնել գնացքի ազդանշանի ձայնը։ Դեռ քննիչները կպարզեն։

Իսկ արդյոք խախտվե՞լ են անվտանգության կանոնները, թե՞ ոչ։ Հնարավոր չէ՞ր կանխարգելել անցորդների մուտքը վտանգավոր այս գոտի։ Քանի չկա իրավապահների եզրակացությունը, Հարավկովկասյան երկաթուղիում բացառում են իրենց թերացումներն անվտանգության հարցում։

«Երկաթուղին ստեղ բացարձակապես ոչ մի պատասխանատվություն չի կրում, որովհետև ինչքան, որ սահմանված է արագությունը, մեքենավարը չի գերազանցել», - ասաց ընկերության անվտանգության գծով փոխտնօրեն Սերգեյ Հարությունյանը:

Հարությունյանը ասում է՝ նախնական տվյալներով գնացքի մեքենավարը սթափ է եղել, չի գերազանցել սահմանված արագությունը, հնչել է զգուշացնող ազդանշանը, բայց ընդամենը 60-70 մետր տեսանելիության պայմաններում հնարավոր չի եղել արգելակել գնացքը։ Ընկերության պաշտոնյան շեշտում է՝ քաղաքացիներն են ռիսկի դիմում և վտանգում իրենց կյանքը։

«Մենք ընդեղ էին, գնացքը կանգնած էր, դիակը դեռ չէին վերցրել, մարդիկ գնացքի տակով անցնում էին: Էս է պրոբլեմը, որ դեպքը եղել ա, 15-20 րոպե չանցած մարդիկ շատ հանգիստ տեսնում են, հասկացել են ինչ է եղել, բայց տակով իրենց իրերով անցնում էին: Համարում են, որ ավելի արագ է անցնելը, ոչինչ կարելի է ռիսկերն արհամարհել: Սա է սարսափելի, ոչ մեկ դաս չի քաղում», - նշեց Սերգեյ Հարությունյանը:

5-րդ նման դեպքը՝ վերջին երեք տարվա մեջ

Սա վերջին երեք տարվա մեջ արդեն 5-րդ նման դեպքն է։ Դեռ 10 տարի առաջ հերթական ողբերգական դեպքից հետո Հարավկովկասյան երկաթուղին քարե պարիսպ էր կառուցել՝ անցուդարձը սահմանափակելու համար։ Ըստ փաստաթղթերի, պարիսպը պիտի լիներ 220 մետր, իրականում, սակայն, կառուցվել է դրանից 5 անգամ պակաս՝ մոտ 40 մետր։ Որպես արգելապատնեշ կառուցված պատի վերջնամասից մարդիկ այսօր էլ անարգել անցնում են, քայլում երկաթգծի վրայով, ու անցնում քաղաքի մյուս հատված։

Հարավկովկասյան երկաթուղում պատասխան չունեն՝ ինչո՞ւ են փաստաթղթով մի բան որոշել, իրականում այլ բան կառուցել, և արդյոք նախատեսված 220 մետրանոց պատն անվտանգության ու անցուդարձը սահմանափակելու հարցը լիովին չէ՞ր լուծի։ Փոխտնօրեն Սերգեյ Հարությունյանը նշում է, թե ընկերությունն առհասարակ նման պարտավորություն չուներ. տեղում վերգետնյա կամուրջ կա հետիոտնի համար։

«Եթե նույնը լիներ ավտոմեքենայի հետ, ի՞նչ գնահատական կտաք, եթե հետիոտն անցնում է, որտեղով որ մեքենաներ են անցնում, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար», - ասաց ընկերության փոխտնօրենը:

Միաժամանակ ընդունում է՝ դեռ խորհրդային տարիներին կառուցված երկաթե այդ կամուրջն անհարմար է և դժվարանցանելի՝ հատկապես մեծահասակների համար. «Ես հաշվեցի, մոտավորապես 45 աստիճան պետք է բարձրանաս, այդքան էլ իջնես, այսինքն մոտավորապես 9 հարկ պետք է բարձրանա մարդը»:

Այս դեպքում ինչո՞ւ են կառուցել պարիսպը, եթե ինչպես ընկերության փոխտնօրենն է ասում, նման պարտավորություն չեն ունեցել. «Հարավկովկասյան երկաթուղին, օրինակ, ծառատունկ էլ է անում, բայց էդ չի նշանակում, որ դա մեր պարտականությունն է, դա բարի կամք է, որ երկաթուղին անում է: Եթե մենք անում ենք, նշանակում է՝ մեր պարտականությո՞ւնն ա»:

Ավելին, 2012 թվականին ավելի քան երկու մետր բարձրությամբ պատի կառուցումից հետո էլ համայնքը մոտ ութ միլիոն դրամ է ծախսել պատի վրա թիթեղյա ծածկ տեղադրելու և պատը նկարազարդելու վրա։ Բազմաթիվ կենսական խնդիրներ ունեցող համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանն ասում է՝ չէին ուզում պատն անշուք թողնել, անգամ եթե այն մասնավոր ընկերություն է կառուցել։

«Եղել է եվրոպական ծրագիր, որին մենք մասնակցել ենք, գումարները եղել են ընդհանրապես նման՝ քաղաքի գեղեցկության, քաղաքի տուրիստական ազդեցության վրա, և կարծում եմ, այս դեպքում, որքան ես այդ պատը հիշում եմ, բոլոր ժամանակներում բոլոր համայնքի ղեկավարներին քննադատել են, որ էդ պատը տխուր է», - ընդգծեց Խեչումյանը:

Ավելի նպատակահարմար չէ՞ր պատը նկարազարդելու փոխարեն գումարը ծախսել արգելապատնեշն անանցանելի դարձնելու, անվտանգությունն ամրապնդելու համար։ Տեղական իշխանություններն ու երկաթուղու պատասխանատուները այս հարցերին ի պատասխան սլաքները բնակիչներին են ուղղում. թող չանցնեն:

«Մեր քաղաքով գնում է Հայաստանի ամենաջրառատ գետը, հետևաբար բերեք ամբողջությամբ ցանցապատենք, որ որևէ մեկը գետը չընկնի, իմ քաղաքով գնում է Մ6 մայրուղին, ամենածանրաբեռնված մայրուղիներից մեկն է և իմ քաղաքով գնում է երկաթգիծը, հիմա հարց՝ եթե ալավերդցին ապրում է այդ քաղաքում, ուրեմն պարտավոր է այդքան բանի հետ գոնե հաշվի նստել: Բայց երբ որ անցումները կան, բայց մարդիկ անցնում են ոչ անցումների սահմանված վայրով և որևէ դժբախտ պատահար է տեղի ունենում, արդեն դա իր գործողությունն է որպես մարդ», - նշեց Խեչումյանը:

«Ես համարում եմ, որ առաջին հերթին պետք է մարդկանց հետ աշխատանք տարվի, որ իրենք չխախտեն, բայց սա երկաթուղու խնդիրը չի», - նշեց Սերգեյ Հարությունյանը:

Ամեն օր մի քանի անգամ երկաթգիծը հատող ալավերդցիները մինչդեռ, միակ ելքը ճամփան փակելն են համարում։ Փակ լինի՝ չենք անցնի, ասում են նրանք։