Ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Սերգեյ Շոյգուն։
Պենտագոնի մայիսի 13-ի երեկոյան տարածած հաղորդագրությունում նշված է, որ «Օսթինը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում և ընդգծել կապեր պահպանելու կարևորությունը»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են միջազգային անվտանգության հրատապ հարցերը, ներառյալ Ուկրաինայի իրավիճակը։ Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Վերջին անգամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 18-ին՝ մինչև Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։