Սահմանամերձ Տիգրանաշեն մտնելիս առաջին տունը Մարինե Փիլոսյանինն է։ 44-օրյա պատերազմից հետո են այստեղ տեղափոխվել ամուսնու ու դստեր հետ։ Մինչ այդ ապրում էին այլևս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառում՝ Քելբաջարում։
«Տիգրանաշենը եթե պետք է հանկարծ ու հանկարծ տանք թուրքին, ուրեմն իմացեք, որ Երևանն էլ ենք տալու: Բա ի՞նչ հույս ունենամ, որ ասենք` Հայաստանում ապրել է էլ լինելու:
Եթե ստեղ էլ տվեցին թուրքին, բա հետո՞, էլ ո՞ւր եմ գնալու: Ես դարդից կմեռնեմ: Եթե տալու են թուրքին, պիտի այստեղ թուրքի հետ ապրեմ, էլ ո՞ւր գնամ: Եթե պետք է կա՛մ ես իրեն սպանեմ, կա՛մ ինքն ինձ, ի՞նչ ասեմ, դա ուրեմն ճակատագիր էր», - ասում է նա:
Նշում է՝ ժայռերի մեջ ընկած, երևանյան թուհոբուհից կտրված Տիգրանաշենում ո՛չ հեռուստացույց են ուզում միացնել, ո՛չ էլ ինտերնետի քննարկումներին հետևել։ Բայց շշուկներ են լսել, թե իրենց բնակավայրը նորից առևտրի թեմա է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Մենք դրանից տեղյակ չենք, թե Տիգրանաշենը տալիս են, ի՞նչ, մեզ էլ հետն են տալի՞ս», - հարցնում է նա` հավելելով. «Հայկական է եղել, ոչ մի անգամ էլ թուրքինը չի եղել սա: Ուղղակի ապրել են, տենց ա, որ տեղ ես տալիս, արդեն բոլոր հնարավորությունները օգտագործում են, որպեսզի իրենցը լինի, ինչի չէ՞ որ: Որ հանկարծ մի հատը տվեցինք, ուրեմն լրիվ տալու ենք, թուրքի ախորժակը շատ մեծ է, էդ մեր ախորժակն է քիչ»:
Տիգրանաշենում լսել-քննարկել են Ադրբեջանի փոխարտգործնախարարի խոսքերը, թե հայ-ադրբեջանական սահմանը որոշելիս պետք է նաև անկլավների՝ Ղազախի շրջանի 7 գյուղերն և Նախիջևանի Քյարքի, այժմ՝ Հայաստանի Տիգրանաշենը Ադրբեջանին վերադարձնելու հարցերը քննարկեն։ Թեև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը վերջերս հայտարարեց, թե մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, մտահոգությունները տեղում չեն փարատվել. «Ոչ մեկն էլ չի խոսել, ես ուղղակի ասում եմ` ղեկավարները չէ, որ ամեն ինչը որոշում են, որոշում է ժողովուրդը»:
30 տարի Տիգրանաշենում ապրող Շահեն Կարապետյանը, որը նախ և առաջ անվտանգության լուրջ խնդիրներ է տեսնում, ասում է` սա զուտ սահմանային մի բնակավայր չէ, այլ՝ ռազմավարական նշանակության տարածք: Այստեղով է անցնում Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող միջպետական ճանապարհը:
«Թևերը փռել է, սաղ ուզում է, իմն է, պիտի տաք ինձ, ասում է, բայց դե չի կարելի. այս ճանապարը որ տան, ո՞նց ենք գնալու էն կողմ, գանք, ո՞նց են գնալու Ղարաբաղ, Զանգեզուր, ո՞նց, անհնարին է դա:
Պատկերացնում եք` իրենք այստեղ լինեն, բարձր սարերն էլ են ուզում, սարի վրա հելնեն, կանգնեն, Երևանը աչքների առաջ է, սաղ հանրապետությունն աչքի առաջ է, ինչ ասես` կանեն, չպիտի տան, բացառվում է, այս գյուղը պիտի չանձնվի: Ժամանակին ասել են` Արծվաշենի հետ փոխած է, փոխված է, փոխված է, էլ ի՞նչ են ուզում, իրենց պետք չի Արծվաշենը: Ասում է` 5 թուրքի գյուղ պիտի անցնես, որ հասնես Արծվաշեն, ո՞վ կգնա այդ 5 գյուղից անցնի, գնա, հասնի Արծվաշեն: Ոչ մեկը, բայց ստեղ ընդամենը ասում են` էս գյուղը տվեք, Երասխավանից էլ ճանապարհ պիտի տան, որ գան, գնան, որովհետև իրենք մեզ հետ սահման չունեն այստեղ, էս գյուղից հետո մենք ենք, մեր հողերն են: Եթե այս գյուղն է հաշվվում իրենցը, այս գյուղից հետո մեր սահմանն է, հետո նոր իրենք են, ո՞նց պիտի անեն, գնան, մեր զինվորին անցնեն, գնա՞ն: Դա հնարավոր չէ», - ասում է նա:
Տիգրանաշենում այս պահին 40 ընտանիք կա: Ապրուստի միակ միջոցն անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է։
Թաղամասի մեկ այլ հնաբնակ Էդուարդ Աղասյանը Բաքվից է տեղափոխվել Տիգրանաշեն։ Ավելի քան 30 տարվա ընթացքում մեծ տնտեսություն է ստեղծել՝ մրգառատ մեծ այգուց բացի գոմ, մեղուներ ունի: Պատերազմ տեսած տարեց մարդը խաղաղություն է երազում, ցավով հիշում՝ բաց թողնված հնարավորությունները. «Հարյուր հատ ծառ եմ դրել, հիմա չեմ իմանում` ոնց կլինի: Ճիշտ չի, եթե ուզում է տալ»:
Հարևանուհին` Թամարա Հովակիմյանն ավելի հանգիստ է. չի կարևորում, թե ինչ են խոսում վերևներում. «Ծիծաղներս էլ է գալիս ասածներից: Էլ ի՞նչ մտահոգություն, գիտենք, որ մերն է, մերն էլ պիտի մնա, ո՞վ պիտի գա, մեզ հանի»:
Տիգրանաշենի դպրոցը, ուր 12 երեխա է սովորում, քաղաքական թեմաներից փորձում են հեռու պահել: Հայոց լեզվի և գրականությոան ուսուցչուհի Գայանե Ասատրյանը հիմա ներկայացում է բեմադրում, սակայն այստեղ էլ կարմիր թելի պես պատերազմի, խաղաղության, անվտանգության թեման է անցնում:
«Գյուղը թողնելու տրամադրություններ չունենք ոչ մեկս, մեր գյուղն է, մնում ենք, արարում ենք ու այդ լավատեսությամբ ու հույսով», - նշում է նա:
Տիգրանաշենը գյուղ չի համարվում, որպես թաղամաս ներառված է Պարույր Սևակ համայնքում։ Սա էլ մի խնդիր է, ասում են տիգրանաշենցիները, քանի որ տարիներ շարունակ ապրում են առանց հաշվառման, առանց կարգավիճակի, առանց սեփականության իրավունքի՝ փաստացի զրկված ապագայի հետ ծրագրեր կազմելու հնարավորությունից։
Your browser doesn’t support HTML5