«Մեկ ուսանողի դիմաց 1000 դրամ՝ ընդդիմության ցույցերին մասնակցելու համար». օրերս համացանցում նման վերնագրով տարածված անհայտ ծագման ձայնագրության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
Շրջանառվող ձայնագրությունից պարզ է դառնում, որ Ագրարային համալսարանի դասախոսներից Էմմա Սարգսյանը կազմակերպել է նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հանդիպումը ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի հետ։ Ըստ իրավապահներների` ընդդիմության հավաքներին 2 հազար ուսանող ներգրավելու դիմաց ուսխորհրդի նախագահին առաջարկել են 2 միլիոն դրամ։
Ձայնագրությունն, ամենայն հավանականությամբ, ամբողջական չէ, քանի որ տեղ-տեղ հղում է արվում զրույցի այնպիսի հատվածների, որոնք մինչ այդ լսելի չեն։
Ավելի պարզ լսելի է ուսխորհրդի նախագահի ձայնը, իսկ նրա զրուցակիցների խոսքը երբեմն դժվար վերծանելի է։ 5 րոպեանոց ձայնագրության մեջ լսվում է, որ ի պատասխան Ալիյանի հարցի` Չալաբյանն ասում է, որ ուսանողները պետք է ձևակերպեն իրենց կարիքները։ Ապա երկար քննարկում է գնում, թե ուսխորհրդի նախագահը ու մյուս ուսանողները ինչ ֆորմատով կարող են մասնակցություն ունենալ ցույցերին՝ երթեր, դասադուլ, փողոցներ փակել։ Այս քննարկմանը հաջորդում է մեկ այլ ձայնագրություն, որտեղ արդեն Էմմա Սարգսյանն ուսխորհդի նախագահ Թոռնիկ Ալիյանին փոխանցում է առաջարկը։
Գործով անցնող Ավետիք Չալաբյանը և Էմմա Սարգսյանը ձերբակալվել են։ Սարգսյանի շահերը ներկայացնող Ռուբեն Մելիքյանը նախ շեշտադրում է հանգամանքը, որ իրավապահները ձերբակալման որոշում կայացնելիս հաշվի չեն առել, որ Սարգսյանը անչափահաս դուստր ունեցող միայնակ մայր է և ինքնակամ է ներկայացել ոստիկանություն։
Ինչ վերաբերում է բուն քրեական գործին, ասում է` նախ այստեղ հանցանք չկա, բացի այդ, ձայնագրությունից պարզ է, որ տեղի է ունենում հանցանքի դրդում։ Մելիքյանն ընդգծում է հանգամանքը, որ ֆինանսական կողմի մասին առաջինը խոսում է ուսանողը. «Անգամ Հայաստանի վերաբերյալ վճիռներ կան եվրոպական դատարանի, որտեղ շատ հստակ եվրոպական դատարանը նշում է, որ արգելված է մարդուն դրդել պրովոկացիայի ճանապարհով հանցանքի, այսինքն` դա լինի հատուկ ծառայությունների աշխատող կամ նրա հանձնարարությամբ գործող անձ, որևէ տարբերություն չկա: Դա շատ հստակ կանոն է»:
Բուհի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սոս Ավետիսյանն «Ազատությանը» փոխանցեց` դասախոս ներկայացող Էմմա Սարգսյանը համալսարանում աշխատում է ժամավճարով ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում։ Թեմայով մյուս բոլոր հարցերին բուհից մեկ պատասխան ունեին` ապաքաղաքական կառույց են և կմնան այդպիսին։
Թոռնիկ Ալիյանի հետ «Ազատությունը» կապ հաստատեց, երբ վերջինս Քննչական կոմիտեում էր հարցաքննության: Նա հաստատեց` ձայնագրության մեջ ինքն է, բայց այլ հարցերի պատասխանել չկարողացավ, քննիչը հորդորեց անջատել հեռախոսը։
Ուսխորհրդի փոխնախագահ Արմեն Սոլոմոնյանի փոխանցմամբ` իրենք հանդիպումից տեղյակ են եղել։ Առաջին հանդիպումը բուհում է եղել, երկրորդը` բուհից դուրս։ Որոշել են գնալ հետաքրքրությունից դրդված։ Գաղափար չունեն, թե ով է ձայնագրել։ Ասում են` եթե իրենք լինեին, ամբողջական տարբերակը կտարածեին, որում լսվում է, թե ինչպես են մերժում առաջարկը։
«Ուսխորհրդի նախագահը գնացել է հանդիպման, լսել է, բայց նպատակը եղել է մեկը, որ չփորձեն հանկարծ մեր համալսարանի ուսանողներից ինչ-որ մեկին ներգրավել իրենց քաղաքական խաղերի մեջ», - ասաց նա:
Երեկ երեկոյան խուզարկություն է անցկացվել Ավետիք Չալաբյանի տանը, որից հետո նա ձերբակալվել է։ Մինչ այդ նա լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում. «Քննությունը, բնականաբար, ցույց կտա, որ այն գործը, որ այսօր հարուցվել է, բացարձակ մտացածին է և առանձին անձնապես ինձ հետ որևէ կապ չունի»:
Ընդդիմադիր շարժան առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ասում է` ձայնագրությունը նպատակ ունի սխալ տպավորություն ստեղծել, թե մարդիկ ցույցերին մասնակցում են փողի դիմաց. «Այս իշխանության ձեռագիրն է` այս հատուկ տեխնոլոգիաներով վարկաբեկել ցանկացած շարժում»:
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Չալաբյանի ձերբակալմանը անդրադարձել է նաև «5165» շարժումը և տեղի ունեցողը քաղաքական հետապնդում որակել։ Ձայնագրության մեջ լսվում էր, որ Չալաբյանին Սարգսյանը ներկայացնում է որպես «5165» շարժման համախոհ։