50 Cent-ին, Զազին և «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ նվագախմբին կընդունի «Հրազդան» մարզադաշտը

Հունիսի վերջից մեկնարկում է «Հայա» փառատոնը, որը հնարավորություն կտա մեր երաժշտասերներին ունկնդրել աշխարհահռչակ ռեփ և փոփ կատարողների, ովքեր հանդես կգան տասնյակ հազարավոր ունկնդիրների համար նախատեսված համերգների ընթացքում։

Փառատոնի հիմնադիր նախագահ Սոնա Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսին շեշտեց` սա համերգային գործունեության բոլորովին մի նոր ձևաչափ է Հայաստանում և տարածաշրջանում առհասարակ։

«Մենք հիմնել ենք «Հայա» փառատոնը, որը նոր էջ կբացի Հայաստանի մշակութային, տնտեսության և շատ ոլորտներում: Առաջին համերգները նշանակված են, և այսօր մենք պաշտոնապես ասում ենք, որ այո, գալիս են, դա մենք ենք, «Հայա»-ի կենսագրությունը շարունակությունն է զրոյից սկսվող, բայց շարունակությունն է «Երևանյան հեռանկարների» փառահեղ կենսագրության և կապերի, միջազգային հեղինակության, որը կառուցվել է քայլ առ քայլ ձեր բոլորի աչքի առաջ սկսած 2000 թվականից», - ասաց նա:

«Այն փաստը, որ այսօր մենք նման գերաստղեր ենք հյուրընկալելու մեր երկրում, որ զարմանք և ցնցում է առաջացրել ողջ տարածաշրջանում, նաև Եվրոպայում, Ամերիկայում, սփյուռքում, պատահական չէ, և ես շատ երջանիկ եմ, որ առաջին 3 համերգը հայտարարում ենք այսօր: «Հայա»-ն նոր ինստիտուտ է, նոր մեխանիզմ է: Առաջին համերգը հունիսի 25-ին ֆրանսիացի սիրված երգչուհի Զազի համերգն է, հուլիսի 1-ին ամերիկացյի հայտնի ռեփեր 50 Cent, որը գալիս է Հայաստան իր ողջ կազմով, և հուլիսի 9-ին` «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ նախագիծն է, որը հիմնված է հայտնի խմբի անդամների կողմից», - հայտարարեց նա:

Համերգները տեղի կունենան «Հրազդան» մարզադաշտում, որտեղ մեծ բեմ է կառուցվում, և որը նաև կարգի է բերվում՝ հավուր պատշաճի հյուրընկալելու թե աշխարհահռչակ երգիչներին, թե երաժշտասեր բազմահազարանոց հանրությանը։

Փառատոնային հաջորդ ասուլիսը, ասաց Սոնա Հովհաննիսյանը, տեղի կունենա «Հրազդան» մարզադաշտում. «Հրազդան» մարզադաշտից մենք օգտագործում ենք դաշտի մասը և 50 Cent-ի համերգին որոշ տրիբունաներ: Մենք շատ լուրջ ենք ուսումնասիրել տարածքը այս մեգաաստղերի համերգները տանելուց, և վստահեցնում եմ, որ մարզադաշտն ընդունակ է այդ համերգները հյուրընկալելու: Ասեմ ավելին, որ գուցե սպորտային գործողությունների համար շատ ներդրումներ են պահանջվում, բայց մենք առաջին կառույցն էինք, որ «Հրազդան» մարզադաշտին նայեցինք որպես զուտ համերգային վայր, որտեղ կարող է 54 հազար մարդ համերգ լսել: Մեր երկրում նման երկրորդ տեղ չկա: Այս պահին թեժ բարեկարգման աշխատանքներ են գնում»:

«Ազատության» հարցին, թե արդյոք ունեն պետական աջակցություն, և ովքե՞ր են փառատոնի հովանավորները, փառատոնի հիմնադիր նախագահն արձագանքեց. «Այս պահին մենք պետության աջակցություն չունենք: «Հայա»-ն մասնավոր, մեր անձնական մղումով ենք անում, և կարծում եմ, որ ինչ-որ մի կետ կգա, որ մենք անպայման կսկսենք պետության հետ համագործակցել, որովհետև նման ծավալի ու նշանակության իրադարձությունը չի կարող առանց պետության հետ համագործակցության տեղի ունենալ: Ոչ թե չի կարող, որովհետև չի լինի, այլ իմաստը չկա առանց պետության միջոցների, ֆինանսավորման և մասնակցության այն շարունակելու: Պատկերացնում եք` քաղաքում որքան մեծ է հետաքրքրությունը այդ արտիստների հետ կապ ունենալու, և հովանավորներն են հիմա շուրջը հավաքվում, որոշակի գումար կա, որ անպայման պիտի տոմսերի վաճառքից գոյանա, որ մենք կարողանանք ծախսերը հոգել համերգների»:

Ըստ նրա` վերջնական նպատակը հետևյալն է. «Մենք միշտ` 25-25 տարի ապրել ենք շատ խիստ պետական մտածողությամբ, և ինչ էլ որ անում ենք, մտածում ենք, որ պետության համար մեծ տեղաշարժ լինի: Դրա ապացույցը եղել է «Հեռանկարները», և այս ամբողջ տարիների պայքարը: Մենք մշակույթի դաշտում այնպիսի պայքար ենք վարել, արդեն հայտնի չէր` մշակույթում ենք, պատերազմի դաշտում ենք, թե որտեղ ենք: Կյանքի գնով կայացած արդյունք է: Մենք չենք փոխվել, ծառայում ենք մեր երկրին, մեր ժողովրդին, որպեսզի այս ամենից հետո` պատերազմից, պանդեմիայից, ես ավելի մոտիվացված ու պարտավորված եմ զգում` անել ավելին, քան երբևէ արել ենք: Եթե առաջ անում էի մի փառատոն, կանեմ երկու, կանեմ էլի նոր պրոյեկտներ, որպեսզի մեր երկիր շահի, ու այն տխրությունը, որ կա մեր ժողովրդի աչքերում, վերանա»: