Թեհրանից Բրյուսել վերադառնալու ճանապարհին Ֆրանկֆուրտի օդանավակայանում գերմանացի ոստիկանները կարճ ժամանակով ձերբակալել են Իրանի հետ միջուկային բանակցությունները համակարգող Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորային և նրա թիմի անդամներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանկֆուրտում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Իրանի միջուկային ծրագրի բանակցություններում ԵՄ ներկայացուցիչըReuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նրանց պահել են մի քանի ժամ։ Էնրիկե Մորան Թվիթերում գրել է, որ իրենց առանձին են պահել, վերցել են իր ձեռքի հեռախոսը և իսպանական դիվանագիտական անձնագիրը։ Իրենց ձերբակալել ու ազատ են արձակել առանց որևէ բացատրության։ Բարձրաստիճան դիվանագետը միջադեպը գնահատել է որպես Վիեննայի կոնվենցիայի խախտում։
Վիեննայի կոնվենցիան դիվանագետների անձեռնմխելիություն է ապահովում, մասնավորապես՝ նաև ճամփորդությունների ժամանակ նրանց դիմաց չպետք է խոչընդոտներ ստեղծվեն:
Իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը, առանց որևէ ապացույցի, գրել է, թե Ֆրանկֆուրտի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևում կանգնած է Իսրայելը։
«Այն, ինչ տեղի ունեցավ Ֆրանկֆուրտում, միջուկային բանակցությունների առաջընթացի դեմ է։ Սիոնիստական լոբբին ազդեցություն ունի Գերմանիայի անվտանգության ապարատի վրա», - գրել է Իրանի պետական լրատվամիջոցը։
Այս շաբաթ Էնրիկե Մորան այցելել էր Թեհրան՝ փորձելով փակուղուց հանել Իրանի և աշխարհի գերտերությունների միջև 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը վերականգնելու բանակցությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաթիբզադե․ «Իրանը չի կարող հավերժ սպասել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը»Վիեննայում վերսկսված բանակցություններն անցած մարտից դադարել էին Իրանի նոր պահանջի պատճառով. Թեհրանը պահանջում է, որ Վաշինգտոնը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։
Էնրիկե Մորայի Թեհրանում վարած բանակցությունների արդյունքները Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները դրական են գնահատում։
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպել է Թեհրանից վերադարձած Էնրիկե Մորային և այդ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, թե բանակցությունները վերականգնելու Թեհրանի արձագանքը բավականին դրական է՝ «ավելին, քան ակնկալվում էր»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըԲորելը Գերմանիայում մասնակցում է Մեծ յոթնյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, նա լրագրողներին ասել է, թե խնդիրները չեն կարող լուծվել մեկ օրվա ընթացքում։ «Վերջին երկու ամսում բանակցային գործընթացում ստեղծված փակուղային իրավիճակն ապաշրջափակվել է, իսկ դա նշանակում է՝ վերջնական համաձայնության հասնելու հեռանկար կա», - նշել է Բորելը։
Գերմանիան ևս առաջընթացի հույս ունի։ Գերմանիայի կառավարության այսօրվա ճեպազրույցում Արտգործնախարարության մամուլի խոսնակն ասել է, թե «իհարկե մենք ակնկալում ենք, որ Իրանը զերծ կմնա միջուկային համաձայնագրից ( JCPOA ) դուրս պահանջներ ներկայացնելուց», ինչը թույլ կտա շուտափույթ ավարտել բանակցությունները, և նշել է, որ «սեղանին դրված առաջարկներն արդարացի են բոլոր կողմերի համար»։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ասել է, որ Էնրիկե Մորայի այցը հնարավորություն էր՝ կենտրոնանալու մնացած խնդիրները լուծելու նախաձեռնությունների վրա։ «Լավ ու հուսալի համաձայնությունը հասանելի կլինի, եթե ԱՄՆ-ը քաղաքական որոշում կայացնի և կատարի իր պարտավորությունները», - ասել է Իրանի արտգործնախարարը։
Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանն ասել է, թե Իրանի հետ միջուկային գործարքը վերականգնելու հնարավորություն դեռ կա։ «Շանս միշտ կա, բայց իրանցիները պնդում են, ընդ որում՝ լիովին արդարացի, որ իրենց կարմիր գծերը պետք է հաշվի առնվեն», - ռուսական պետական հեռուստաընկերությանն ասել է դեսպան Ճաղարյանը։
2015-ին Իրանի և 6 գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Չինաստանի միջև ստորագրված համաձայնագրով Իրանը պետք է սահմանափակի իր միջուկային ծրագրերը, որպեսզի չկարողանա միջուկային զենք ստեղծել, իսկ Արևմուտքը պարտավորվել էր վերացնել Իրանի հանդեպ սահմանված տնտեսական և ֆինանսական կոշտ պատժամիջոցները։
Սակայն Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ը միակողմանի դուրս եկավ համաձայնագրից, ավելի ուշ Թրամփի վարչակազմը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դասեց ահաբեկիչ կազմակերպությունների շարքում, ինչն է՛լ ավելի լարեց Իրանի հետ հարաբերությունները։
Թեհրանը սկսեց ավելացնել ուրանի հարստացման ծավալները՝ մոտենալով ատոմային զենք ստեղծելու հնարավորությանը։
Թեհրանը և Մոսկվան պահանջներ ներկայացրեցին
Ջո Բայդենի վարչակազմը ձգտում է վերականգնել Իրանի հետ միջուկային գործարքը։ Վիեննայում վերսկսված բանակցություններն ընթանում էին միջնորդավորված՝ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները ուղիղ չէին հանդիպում, բանակցություններն ընթանում էին եվրոպացիների միջնորդությամբ։ Համաձայնության հասնելու ակնկալիք կար, սակայն Թեհրանը և Մոսկվան պահանջներ ներկայացրեցին, որոնք կապ չունեն Իրանի միջուկային գործարքի հետ։ Մոսկվան երաշխիքներ պահանջեց, որ Իրանի հետ Ռուսաստանի առևտուրը, տնտեսական ու ներդրումային համագործակցությունը չպետք է տուժի Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով։ Իսկ Թեհրանը պահանջեց, որ ԱՄՆ-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դուրս հանի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, ու մարտից Իրանի միջուկային բանակցությունները մտան փակուղի։