Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության գործի շրջանակներում բարձրաստիճան նախկին զինվորական Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում է Արցախի գլխավոր դատախազությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն, ազդեցիկ գեներալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյան հայտնի է «Օգանովսկի» մականվամբ։ Նրա մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ին երեկոյան։
Արցախի իրավապահ մարմինների հաղորդագրության համաձայն, Ստեփանակերտի կենտոնական հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Հաղորդվել էր, որ «ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվածը» Սամվել Կարապետյանն է։
«Նախաքննական մարմինը եկել է այն եզրահանգման, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարելի է ապահովել անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցի ընտրմամբ», ուստի քննիչի կողմից որոշում էր կայացվել մեղադրյալի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին»,- ասվում է Արցախի գլխավոր դատախազության այսօր տարածած հաղորդագրությունում։