Հարավային Կորեան Հյուսիսայինին կոչ է անում անհապաղ դադարեցնել սադրանքները: Այդ մասին Հարավային Կորեան հայտարարել է Հյուսիսային Կորեայում հրթիռների հերթական փորձարկման կապակցությամբ:
«Մեր զինվորականներն այսօր կեսօրին արձանագրել են փոքր հեռահարության երեք հրթիռների արձակումներ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանի Սունանի շրջանից»,- հայտարարել է Հարավային Կորեայի զինված ուժերի գլխավոր շտաբի հանրության հետ կապերի հարցով պատասխանատու Կիմ Ջուն-Ռակը:
Նրա խոսքով, Սեուլը Փհենյանի այդ փորձարկումները համարում է սադրանք, որն ուղղված է Կորեական թերակղզու և ամբողջ աշխարհի խաղաղության և կայունության դեմ: Նա կոչ է արել Հյուսիսային Կորեային անհապաղ դադարեցնել փորձարկումները:
Հրթիռներն արձակվել են դեպի արևելք՝ ծովի ուղղությամբ, զարգացրել են ժամում ավելի քան 6 հազար կիլոմետր արագություն, հասել են 90 կիլոմետր բարձրության, անցել են մոտ 360 կիլոմետր և ընկել են ծովը:
Դա այս տարի Հյուսիսային Կորեայի իրականացրած թվով արդեն 16-րդ հրթիռային փորձարկումն է: