Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին այսօր վաղ առավոտյան ոստիկանների խմբի ուղեկցությամբ Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկից բուժման համար փոխադրել են մայրաքաղաք Թբիլիսի՝ «Վիվամեդ» մասնավոր բուժկենտրոն:
Նախկին նախագահը բուժզննման կենթարկվի, ապա այդ հիվանդանոցի 5-րդ հարկում գտնվող հիվանդասենյակներից մեկում կմնա բուժվելու համար: Իշխանությունները չեն հայտնում, թե կոնկրետ ինչ ախտորոշմամբ է Սաակաշվիլին փոխադրվել հիվանդանոց:
Նրան «Վիվամեդ» բուժկենտրոն տեղափոխելու համաձայնության մասին երեկ հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:
54-ամյա նախկին նախագահն անցյալ տարվա աշնանը տեղական ընտրությունների նախօրեին է վերադարձել Վրաստան, որտեղ փորձել է զանգվածային բողոքներ կազմակերպել և տապալել գործող իշխանությունը:
Նա հայրենիքում մեղադրվում է մի շարք հոդվածներով: Սաակաշվիլին այդ գործերը և իր ձերբակալությունը քաղաքական հետապնդում է անվանում:
Անցյալ տարի ձերբակալվելուց հետո նա հայտարարել է երկարատև հացադուլ, որի հետևանքները, մասնագետների կարծիքով, կարող են հանդիսանալ նրա այսօրվա առողջական խնդիրների հիմնական պատճառը:
Նրա ձերբակալությունից հետո Վրաստանում տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ակցիաներ, ցույցեր և երթեր:
Մի շարք պետությունների նախկին և գործող պաշտոնյաներ Թբիլիսիին հորդորել են փոխել նախկին նախագահի խափանման միջոցը: