Քննչական կոմիտեն այսօր որոշ տեղեկություններ է հաղորդել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքից։
Ըստ Կոմիտեի, Արգիշտի Եղյանը եղել է ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, նախնական տվյալներով, նա ինքնասպան է եղել՝ նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով կրծքավանդակի շրջանին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը․ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից ինը տարի ժամկետով), կատարվում է նախաքննություն։
20-ամյա զինծառայողի մահվան մասին երեկ հայտնեց Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ Արգիշտի Արմենի Եղյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ժամը 10:15-ին՝ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում, տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ՊՆ մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի դին՝ հրազենային վիրավորումով