Շուրջ մեկ ժամ է՝ ինչ իշխանափոխության պահանջով ակցիաներ իրականացնող ակտիվիստները շրջափակել են քաղաքապետարանի չորս մուտքերն ու ելքերը:
Ոստիկանությունն այնտեղ ուժեր է կենտրոնացրել: Նրանք մի քանի անգամ հայտարարեցին, որ ակտիվիստներն իրավունք չունեն պետական շենք-շինություններ շրջափակելու, բայց ոստիկանության այս հայտարարությունը խլացվեց ցույցի մասնակիցների սուլոցներով ու բացականչություններով:
Ի պատասխան հայտարարության Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ժամանակին Փաշինյանին կարելի էր, մեզ՝ ո՞չ:
Աշխատանքային ժամն անցել է, բայց աշխատակիցները քաղաքապետարանից չեն կարող դուրս գալ:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Հայաստանում իշխանություն չկա, մենք որ շենքն ուզենք կփակենք, դուք գերության մեջ եք, ձեզ պետք է փրկել»:
Ֆրանսիայի հրապարակում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ցույց պետք է իրականացնեն Սայաթ-Նովա և Աբովյան փողոցներով:
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։