Վրաստանի իշխանությունները մտադիր են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից մասնավոր հիվանդանոց տեղափոխել։ Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
«Դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակվել է բուժում, սակայն պետք է ընդգծել, որ նա ընտրողաբար ընդունում է դեղերի միայն որոշակի մասը, փաստորեն իր իսկ որոշմամբ հրաժարվելով լիարժեք բուժումից։ Նա նաև իր որոշմամբ սնունդ է ընդունում միայն ընտրողաբար՝ բնականաբար վտանգելով սեփական առողջությունը», - ասել է Բրեգաձեն` շարունակելով․ - «Մենք՝ որպես պատասխանատու պետություն, միշտ գործում ենք ցանկացած մարդու առողջության և կյանքի շահերից ելնելով։ Ըստ այդմ, ինչպես ցանկացած այլ բանտարկյալի դեպքում, հնարավոր բարդություններից խուսափելու համար Միխեիլ Սաակաշվիլի կտեղափոխվի «Վիվամեդի» կլինիկա, որտեղ նա կհետազոտվի և անհրաժեշտության դեպքում համապատասխան բուժում կստանա»։
Անցած շաբաթ Վրաստանի երրորդ նախագահը չէր կարողացել մասնակցել իր գործով Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող դատավարությանը, փաստաբանի խոսքով՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։
Սաակաշվիլին դատարանի առջև է կանգնել սահմանն անօրինական հատելու մեղադրանքով։ Նա գաղտնի կերպով Վրաստան էր վերադարձել 2021 թվականի աշնանը՝ իրավապահների կողմից ձերբակալվելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 1-ին։ Բանտում Սաակաշվիլին երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ ընդհանուր առմամբ 70 օր շարունակ հրաժարվելով սննդից։