Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր Ստրասբուրգում Եվրոպայի ապագայի հարցերով միջազգային համաժողովում ասել է, որ Ուկրաինայի անդամակցումը Եվրամիությանը կարող է երկար տևել:
«Մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ անդամակցության գործընթացը կարող է տևել տարիներ և նույնիսկ տասնամյակներ: Դա է իրականությունը, եթե, իհարկե, մենք չմեղմենք թեկնածուների նկատմամբ պահանջները կամ չվերանայենք մեր մոտեցումը Եվրոպայի միասնության հանդեպ», - հայտարարել է Մակրոնը:
Մայիսի 9-ին Ուկրաինան Եվրոպական հանձնաժողովին է փոխանցել լրացված հարցարանի երկրորդ մասը, ինչը պարտադիր է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Ենթադրվում է, որ այս տարվա հունիսին Եվրամիության հատուկ հանձնաժողովը կքննարկի Ուկրաինայի հայտը:
Մակրոնն առաջարկում է ստեղծել «եվրոպական քաղաքական համայնքի նոր կազմակերպություն, որը կողջուներ իր շարքերում Ուկրաինայի ներկայությունը»:
«Բայց նույնիսկ առանց Եվրամիության անդամ ի պաշտոնե համարվելու հանգամանքի Ուկրաինան եվրոպական ընտանիքի անդամ է, որովհետև այսօր խիզախորեն պայքարում է Եվրոպայի համար», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկվելուց կարճ ժամանակ անց: Դրանից հետո նման հայտեր են ներկայացրել Մոլդովան և Վրաստանը: