Վերաբացվել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին

Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը յոթնամյա դադարից հետո այլևս բաց է հավատացյալների համար:

Շաբաթ երեկոյան Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Երկրորդ Մաշալյանի գլխավորած պատվիրակության, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների ու բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ եկեղեցին նորից բացվեց ու օծվեց:

Սահակ Մաշալյան

Պատրիարք Մաշալյանը ընդգծեց՝ սա կարևոր քայլ է ոչ միայն Թուրքայի հայ համայնքի, այլև հայ-թուրքական հարաբերությունների համար՝ երախտագիտություն հայտնելով իշխանություններին և անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. - «Անկասկած, եկեղեցու վերաբացումը տոն է Դիարբեքիրի հայության համար: Դիարբեքիրի հետզհետե փոքրացող քրիստոնեական համայնքի համար այս եկեղեցին կենսական ջրի նշանակություն ունի: Այս իրադարձությունը կարևոր և իմաստալի բարեկամական ուղերձ է աշխարհասփյուռ հայության, հայ-թուրքակական հարաբերությունների զարգացման համար»:

Սուրբ Կիրակոսի վերաբացման արարողությանը ներկա էր նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը: Մեհմեդ Նուրի Էրսոյը հավաստիացրել է, թե Թուրքիայի կառավարությունը հարգում է փոքրամասնությունների կրոնական ազատությունն ու իր պարտականությունը համարում սրբավայրերի պահպանությունը. - «Գիտեք, թե ինչ կարևորություն ունի Մերձավոր Արևելքի ամենամեծ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն այս քաղաքի բնակիչների, այլև համաշխարհային մշակութային ժառանգության տեսանկյունից: Վստահ եմ, որ շուրջ 32 միլիոն լիրա արժեցած վերականգնման աշխատանքները շատ իմաստալի են մշակութային ժառանգության պահպանության առումով: Սակայն միայն այս կառույցների վերականգնումը բավարար չէ, կարևոր է նաև ապրեցնել դրանք և դարձնել Դիարբեքիրի մշակութային բազմազանության մաս»:

Նախօրեին էլ յոթ տարի դադարից հետո Սուրբ Կիրակոսում մատուցվեց կիրակնօրյա պատարագ՝ Պոլսո Հայոց պատրիարքի առաջնորդությամբ: Սահակ Երկրորդ Մաշալյանը հույս հայտնեց, որ եկեղեցու վերականգնման հետ մեկտեղ կվերակենդանանա նաև Դիարբեքիրի հայ համայնքը. - «Տաճարը իր զավակները կամփոփէ իր շուրջը, վերստին կյանք կուտա։ Անոր համար մեր մաղթանքը այս է, որ այսքան ծախսերէն հետո, այսքան խնամքէն հետո այս եկեղեցին հավատացյալներով լեցվի վերստին... Կհուսանք, որ մեր համայնքէն եկեղեցականներ պիտի ելնեն՝ հովիվ ըլլանու համար հոս, պիտի գան և պիտի ծառայեն»։

Կիրակնօրյա պատարագից հետո եկեղեցում նաև սուրբ մկրտության և պսակի կարգ է մատուցվել:

Սուրբ Կիրակոս եկեղեցին ռմբակոծությունից հետո, սեպտեմբեր, 2015 թ։

Սուրբ Կիրակոսը վերանորոգվել և կրկին բացվել էր հավատացյալների համար 2011-ի վերջին: 16-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին, սակայն, մի քանի տարի անց կրկին տուժել էր, այս անգամ՝ թուրքական բանակի ու քուրդ զինյալների բախումներից: Սուրբ Կիրակոսին զուգահեռ նորոգվել է նաև հարևանությամբ գտնվող քաղդեական Մառ Պետյուն եկեղեցին: Հաջորդիվ, ըստ պաշտոնական Անկարայի, պետական միջոցներով կվերականգնվի Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական ուղղափառ եկեղեցին: