Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքային խորհուրդն ընդունել է խորհրդային մարշալ Իվան Կոնևի պատվավոր քաղաքացիությունը չեղարկելու որոշում:
Այն ուժի մեջ կմտնի Պրահայի քաղաքային խորհրդարանի հավանությանն արժանանալուց հետո: Ենթադրվում է, որ մայրաքաղաքի օրենսդիր մարմինն առաջիկայում կվավերացնի որոշումը:
Մարշալ Իվան Կոնևը Պրահայի պատվավոր քաղաքացի է հռչակվել 1945 թվականի հունիսին: Նրա հրամանատարությամբ 1945 թվականի մայիսի 9-ին Կարմիր բանակի ստորաբաժանումները մտել են Պրահա:
Կոնևին այդ կարգավիճակից զրկելու նախաձեռնությամբ հանդես է եկել Պրահայի քաղաքապետ Զդենեկ Հրժիբը: Չեխիայի քաղաքական գործիչների գերիշխող մեծամասնությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա:
Ըստ Պրահայի քաղաքային խորհրդի, Կոնևի վերաբերյալ որոշումը պետք է դիտել պատմական ենթատեքստում, քանի որ երկար տարիներով խորհրդային ճամբարի մաս կազմած Չեխոսլովակիայում թույլատրել են պատմական զարգացումները դիտել միայն մեկ տեսանկյունից, որի համաձայն, Կոնևը «Պրահայի ազատարարն է»:
Կարմիր բանակը Պրահա է մտել արդեն ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայից հետո, երբ Պրահայում տեղակայված գերմանական ստորաբաժանումները համաձայնության են եկել Պրահայի ապստամբության լիդերների հետ քաղաքից առանց կռիվների հեռանալու մասին:
Որոշման հիմնավորման մեջ հիշատակվում է, որ Կոնևը հրամայել է ռմբահարել Մլադա-Բոլեսլավ քաղաքը և այդպես կանխել գերմանացիների նահանջը դեպի արևմուտք:
Բացի այդ, Պրահայի քաղաքային խորհրդի որոշման մեջ նշվում է, որ չի կարելի անտեսել Կոնևի դերը 1956 թվականին Բուդապեշտի ապստամբությունն արյան մեջ խեղդելու գործում:
Պրահայի պատվավոր քաղաքացիներ են ճանաչվել խորհրդային այլախոհներն, ովքեր 1968 թվականին Մոսկվայի Կարմիր հրապարակում բողոք են հայտնել Չեխոսլովակիա խորհրդային բանակի ներխուժման դեմ, կալանավորվել և դատապարտվել են ազատազրկման: Պատվավոր քաղաքացի է նաև երաժիշտ Մստիսլավ Ռոստրոպովիչը:
Պրահայի պատվավոր քաղաքացու կոչումից զրկվել են Չեխոսլովակիայի երկու կոմունիստ ղեկավարներ՝ Կլեմենտ Գոտվալդը և Հուստավ Հուսակն, ինչպես նաև խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը:
2020 թվականին Պրահայի թիվ 6 վարչական շրջանի ղեկավարության որոշմամբ Կոնևի արձանն ապամոնտաժվել է: Այն ժամանակ Պրահայում նշել են, որ քաղաքը գերմանացիներից ազատագրելու հարցում Կարմիր բանակի դերը որևէ կերպ կասկածի տակ չի դրվում: Այնուամենայնիվ, Մոսկվան խստորեն դատապարտել է արձանի ապամոնտաժումը:
Չեխ-ռուսական հարաբերություններն էլ ավելի են սրվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի կապակցությամբ: