Շուրջ 15 քրգործ՝ ցուցարարների ներգրավվածությամբ, մեկ հոգի կալանավորված է

Անհնազանդության երևանյան ակցիաները մեկ շաբաթ է ինչ սկսվել են և արդեն շուրջ 15 քրեական գործեր կան, որոնցում ներգրավված են ցուցարարները. մեկ հոգի կալանավորված է։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Աթենք և Իսակով փողոցների խաչմերուկում խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

«Ոստիկանության ծառայողները հորդորել են ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն վերջիններս չեն ենթարկվել ճանապարհն ազատելու՝ ոստիկանների օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ բերման են ենթարկվել», - հայտնում է ՔԿ-ն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բերման ենթարկվածների թիվը հասավ 59-ի

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ընդդիմության հավաքի մասնակիցները բերման ենթարկվելիս աղմկել են, հայհոյել, մեկն էլ ոտքով հարվածել է ավտոմեքենային։ Մեկ այլ քրեական գործով՝ Սարյանից դեպի Պուշկինի փողոց շարժվող երթի մասնակիցները երթևեկելի գոտին չեն ազատել, նրանցից մեկն էլ ձեռքով հարվածել է ոստիկանի դեմքին: Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում, ըստ Քննչական կոմիտեի, ցուցարարները հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել ՝ անվադողերով ճամփա են փակել, հետո հրկիզել դրանք: Երկու ցուցարար այս գործով մեղադրյալ է:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն այս ամենը աբսուրդ է որակում. «Առաջին երեք քրեական գործը խուլիգանության հոդված էր այն պարագայում, երբ քաղաքացիներն իրենց հավաքների ազատության իրավունքն էին իրացրել և անիվներով ճանապարհը փակելու համար խուլիգանության առաջին մասով քրեական գործ էին հարուցել: Սա աբսուրդ է»:

Պատգամավորը վստահ է՝ քրեական այս գործերով իշխանությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, և այդ ճանապարհին նաև մանիպուլյացիաների են դիմում:

Մեկ այլ քրեական գործ էլ բետոնախառնիչ ու բեռնատար մեքենաներով կամուրջները փակելուն է վերաբերվում: Ըստ Քննչական կոմիտեի՝ վարորդներին հարկադրել են մասնակցել այդ հավաքին, տարածված տեսանյութում նրանք ղեկին չեն:

«Մեր ունեցած տվյալներով՝ չկա որևէ քաղաքացի, ով կներկայացնի այդպիսի բողոք, ով կներկայացնի այդպիսի բացատրություն, որ իրեն ստիպել են ճանապարհը փակել, մեքենան թողնել: Ընդ որում՝ ես պետք է վստահեցնեմ, որ իրականում այդպիսի բան չի եղել, սրանք իսկապես մանիպուլյացիաներ են, որ կիրառվում են», - ընդգծեց Էլինար Վարդանյանը:​


«Հարց. - էրեկ ինչքա՞ն փող են տվել բա:

Պատասխան. - Բաղրամյանն էլ հետը՝ 200», - համացանցում տարածված այս ձայնագրությունն էլ է քրեական գործի առիթ դարձել: Ըստ կոմիտեի՝ Արմավիրի մարզի բնակչին փողով հավաքի տանելու մասին է խոսքը:

«Երկու անձիք հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի բնակիչներ են:

Տվյալներ են ստացվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին՝ նյութապես շահագրգռել է այլ անձանց: Արմավիրի մարզի երկու բնակիչները ձերբակալվել են», - նշում է Քննչական կոմիտեն:

«Որքանով ես եմ տեղյակ, այստեղ խոսքը վերաբերում էր Դաշնակցության գրասենյակին հատկացվող ամսական գումարի մասին, որը տեղի է ունենում իրենց կանոնակարգումներին համապատասխան», - ասաց «Հայաստան» խմբակցության անդամը:​

Ըստ Էլինար Վարդանյանի, սա պարզապես առիթ է իշխանությունների համար, որպեսզի արժեզրկեն ընդդիմադիր շարժումը, ցույց տան՝ սա ոչ թե ինքնաբուխ բողոք է, այլ կազմակերպված միջոցառում:

Այսօր հայտարարություն է տարածել ՀՅԴ Գերագույն մարմինը, նշել են, որ երեկ անհիմն մեղադրանքով բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու իրենց ընկերները, խուզարկվել է Դաշնակցության Արմավիրի գրասենյակը։ ՀՅԴ-ի գնահատմամբ՝ սա ժողովրդական արդար ընդվզումը կասեցնելու նպատակ ունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանության ձեռագիրը անփոփոխ է. իրավապաշտպաններ

Ընդդիմադիր պատգամավորն էլ տարակուսում է՝ իսկ ինչո՞ւ են անհետևանք մնում իրենց բազմաթիվ հաղորդումները ոստիկանական գործողությունների վերաբերյալ. «Փաստաբաններն, ովքեր այս ընթացքում աջակցում են բերման ենթարկվածներին, հենց տեղում տալիս են հարուցումներ վնասված ձեռքերի, կապտուկների հետ կապված, բայց առայժմ ես չունեմ որևէ տվյալ այդ հաղորդումների ճակատագրի հետ կապված»:​

Փաստաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ հաղորդումներ են ներկայացրել դատախազություն՝ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դրվագներով։ Դատախազությունից տեղեկացնում են՝ այդ հաղորդումներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Կոմիտեից մինչև այժմ որևէ քրեական գործի հարուցման մասին չեն տեղեկացրել, միայն հայտնի է, որ ոստիկանությունում 9 դեպքով ծառայողական քննություն է նշանակվել:

«Երբ մի ոստիկան տեսնում է, որ նախորդի կողմից տեղի ունեցած բռնության արդյունքում իրավական հետևանք չկա, հաջորդիվ ինքն է գործադրում բռնություն», - նշեց Վարդանյանը:

Ըստ պատգամավորի՝ բիրտ ուժի կիրառմամբ հատկապես աչքի են ընկնում կարմիր ու սև բերետավորները, ասում է՝ նույնիսկ ձեռքի կոտրվածք ստացած ցուցարար կա և ոչ մի քրեական գործ: