«Մարիուպոլի պաշտպանների հետ կապը խզվել է», - այսօր ուկրաինական հեռուստաալիքների միասնական եթերում հայտարարել է Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն։
Պաշտոնյան, որ դեռ մի քանի շաբաթ առաջ էր լքել քաղաքը, նշում է, որ մինչև երեկ «Ազովստալ» գործարանի տարածքում դիրքավորված զինվորականների հետ կապ կար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշարված Մարիուպոլում մի քանի տասնյակ հայեր կան«Ցավոք սրտի, այսօրվանից կապը Մարիուպոլում կռվող տղաների հետ խզվել է և հասկանալ թե ինչ է այնտեղ կատարվում, այլևս անհնարին է», -նշել է ուկրաինացի պաշտոնյան։
Բոյչենկոյի հայտարարություններից մի քանի ժամ առաջ Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարում էր, որ Մարիուպոլը «գտնվում է ռուսական զորքերի լիակատար վերահսկողության տակ»։
Այս նույն խորհրդակցության ժամանակ Շոյգուն նշում էր, որ Ուկրաինա մատակարարվող արևմտյան սպառազինության ցանկացած խմբաքանակ կարող է ռուսական հարվածների թիրախ դառնալ։
«Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակում են Ուկրաինան ողողել սպառազինությամբ։ Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած տրանսպորտային միջոց, որ երկրի տարածք կժամանի սպառազինությամբ կամ նյութական ապահովման միջոցներով բեռնված, մեր կողմից որպես օրինական թիրախ է դիտարկվելու», - հայտարարում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարը։
Վերջին օրերի իրադարձություններից դատելով՝ ռուսական բանակը ընտրել է արևմտյան սպառազինությունների մատակարարումները խափանման միջնորդավորված ձևը՝ ոչնչացնելով Ուկրաինայի երկաթուղային ենթակառույցները։
«Ծովային և օդային տեղակայման գերճշգրիտ զինատեսակներով ոչնչացվել են վեց էլեկտրական ենթակայաններ, որոնք գտնվում էին Պոդբորցի, Լվով, Վոլոնեց, Տիմկովո և Պյատիխատկա կայարանների հարևանությամբ։ Դոնբասում տեղակայված ուկրաինական զորախումբը երկաթուղային այս կայարանների միջոցով էր ստանում Միացյալ Նահանգներում և եվրոպական երկրներում արտադրված սպառազինությունը», -հայտարարում էր Ռուսաստանի ՊՆ նախարարության խոսնակ գեներալ Իգոր Կոնաշենկովը։
Ըստ արևմտյան աղբյուրների՝ ռուսական հարվածների գլխավոր նպատակը ուկրաինական երկաթուղիների էլեկտրական սնուցման խափանումն է
Արևմտյան աղբյուրների գնահատմամբ՝ այս փուլում ռուսական հարվածների գլխավոր նպատակը ուկրաինական երկաթուղիների էլեկտրական սնուցման խափանումն է։ Դա, ըստ փորձագետների, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե զգալիորեն կարող է կաթվածահար անել բեռների, այդ թվում՝ սպառազինության փոխադրումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելի քան 20 հազար կիլոմետր երկարություն ունեցող ուկրաինական երկաթուղիների 10 հազար կիլոմետրը էլեկտրաֆիկացված է։
Դրա հետ մեկտեղ, ըստ ուկրաինական աղբյուրների, ռուսական հարվածների հետևանքով տուժում են նաև ոչ տրանսպորտային, զուտ քաղաքացիական ենթակառույցները։ «Հարվածները հասցվել են երեք էլեկտրական ենթակայաններին, ինչի հետևանքով Լվովում էլեկտրամատակարարման խափանումներ կան։ Կենցաղային մի շարք օբյեկտներ ևս լրջորեն տուժել են, խնդիրներ կան ջրամատակարարման հետ, խափանվել է նաև մի շարք հիվանդանոցների էլեկտրամատակարարումը», - հայտարարում էր Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին։
Ինչ վերաբերում է Դոնբասում տիրող կացությանն, ապա ըստ Շոյգուի՝ Ռուսաստանի Զինված ուժերը Դոնեցկի և Լուգանսկի տեղական ջոկատների հետ միասին շարունակում են ընդլայնել վերահսկվող տարածքները։ Դոնբասում ռուսական շարունակվող հարձակման մասին տեղեկությունները հաստատում է նաև պաշտոնական Կիևը։
«Ռուսական զորքերի հրամանատարությունը փորձում է մեծացնել Արևելյան Ուկրաինայում իրականացվող հարձակողական գործողության տեմպը` նպատակ ունենալով դուրս գալ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վարչական սահմաններ։ Բացի այդ, հարձակման փորձեր են ձեռնարկվում այլ հատվածներում՝ մասնավորաբար Զապորոժիեի և Կրիվոյ Ռոգի ուղղություններով», - այսօր Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարում էր Ուկրաինայի Պաշտպանության նախարարության խոսնակ Ալեքսանդր Մոտուզյանիկը։